Ծնվել է Թիֆլիսում: 1933թ. սկսել է դերասանական գործունեությունը Թիֆլիսի Պատանի հանդիսատեսի հայկական թատրոնից, իսկ 1944-56թթ որպես դերասան հանդես է եկել Թիֆլիսի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնում: 1956թ-ից, Վարդան Աճեմյանի հրավերով, տեղափոխվել է Երևան և շարունակել դերասանական գործունեությունը Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Դերասանի պրոֆեսիոնալ վարպետության ձևավորմանը նպաստել են ռեժիսորներ Ալեքսանդր Աբարյանը և Ստեփան Քափանակյաևը: Եղել է լայն դիապազոնի դերասան, հանդես է եկել կատակերգական, բնութագրական, դրամատիկական և ողբերգական դերերով: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Պեպո), «Քանդած օջախ» (Օսեփ), Ա.Շիրվանզադեի «Քաոս» (Միքայել), Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (Բեն Ալեքսանդր), Ն.Զարյանի «Արա Գեղեցիկ» (Արա Գեղեցիկ), «Արտավազդ և Կլեոպատրա» (Արտավազդ), Սարդուի և Մորոյի «Մադամ Սան-Ժեն» (Նապոլեոն), Պոգոդինի «Երրորդը՝ պաթետիկականը» (Լենին), Մ.Քոչարյանի «Հարազատ մարդիկ» (Կարապետ Մինայիչ), Շիլլերի «Ավազակներ» (Կարլ և Ֆրանց Մոոր), Վուրղունի «Վագիֆ» (Կաջար), Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (Մաուրիսիո), Զ.Դարյանի «Հանրապետության նախագահը» (Լենին), Գ.Բորյանի «Նույն հարկի տակ» (Գևորգ) և այլն: 1957թ-ից նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Սայաթ-Նովա» (1960թ.), «Հյուսիսային ծիածան» (1960թ.), «Սարոյան եղբայրներ» (1968թ.), «Քաոս», «Կամոյի վերջին սխրանքը» (1973թ.) և այլն: Աշոտ Քաջվորյանի հետ գրել է «Աղասի» դրաման (ըստ Խ.Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի), որը 1947թ. բեմադրվել է Թբիլիսիի հայկական թատրոնում: Մասնակցել է ռադիոյի և հեռուստատեսության բեմադրություններին: Հանդես Է եկել նաև ասմունքով: Պարգեատրվել է մի շարք շքանշաններով, մեդալներով: 1961թ. արժանացել է Հայաստանի, 1972թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: