Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է տեղի Շիշմանյան և Սբ. Հակոբա ազգային որբանոցի (Ետիգուլե) դպրոցներում, ապա Կեդրոնական (1910-15թթ) և Պերպերյան վարժարաններում, վերջինս ավարտելով գրականության պսակավորի տիտղոսով: Եղել է ուսուցիչ, ապա տնօրեն Սկյուտարի Նոր թաղի Սեմերճյան ճեմարանի (1922-24թթ), ներքին տնօրեն Պերպերյան վարժարանի (1924թ.): 1919թ-ից աշխատակցել է պոլսահայ պարբերականներին («Ճակատամարտ», «Շեփոր», «Ժամանակ», «Զարթոնք», «Բանբեր», «Սարմար», «Նոր լուր»): 1926-28թթ հրատարակել է «Կեսուր» և «Անուշապուր» (հետագայում «Անուշապուր-Պատկեր») երգիծաթերթերը: Խմբագրել է «Պատկեր» գրական շաբաթաթերթի նոր շրջանը (1939թ.), 1946թ. հիմնել «Պարտեզ» մանկական հանդեսը: 1928թ-ից նրա խմբագրությամբ հրատարակվել Է «Երջանիկ» (նախապես՝ «Երջանիկին տարեցույցը») տարեգիրքը: Տպագրվել են գրողի «Թոսուն Միրիկ և Աղվոր Մինեվեր» (1930թ.), «Բանտարկյալի ւքը օրագիրը» (1933թ.), «Զսպանակի վրա» (1951թ.), «Մեծ քաղաքի զառիվերը» (1965թ.) վեպերը: Ատրինե Տատրյանի հեղինակակցությամբ գրել ու հրատարակել է «Հանգրվանը» (1943թ.), «Շուշիկին կաղանդը» (1954թ.) և «Զարթիկ հորքուրին տունը» (1955թ.) թատերգությունները: Թարգմանել է Ուլյամ Քյոյի «Փոցտամի գաղտնիքները» (հրտ.՝ 1924թ.) վեպը: Գործածել է «Բոռ», «Բիր», «Զապել Տերտերյան», «Պրպտող», «Բ.Թայիս», «Սեդա Բակուր», «Բ.Բիլակ», «Բրոֆ. Ներսես Ճիլաճյան» գրական ծածկանունները: Մահացել է Կոստանդնուպոլսում: