Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մուշկապատ գյուղում։ 1944թ. ավարտել է Շուշիի մանկավարժական ինստիտուտը, 1946թ.՝ Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և գրականության բաժինը: 1949-67թթ եղել է ԼՂ գրողների միության նախագահը։ Եղել է նաև «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագիրը, ԼՂ մշակույթի մարզային վարչության պետը, ԼՂ մարզխորհրդի գործկոմի փոխնախագահը: 1968թ․ տեղափոխվել է Խորհրդային Հայաստան: 1969թ-ից եղել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող (1973թ.՝ պատմական գիտությունների դոկտոր): Նրա պատմագիտական ուսումնասիրությունները վերաբերում են հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին: Հայտնի է Լեռնային Ղարաբաղի պատմության վերաբերյալ աշխատանքներով: Հրատարակվել են նրա «Խաչենի իշխանությունները 10-16-րդ դարերում» (1975թ.), «Դրվագներ հայոց արևելքից կողմանց պատմության 5-7-րդ դդ» (1981թ.), «Դրվագներ Հայաստանի զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանի պատմագրության (9-13-րդ դարեր)» (1981թ.), «Գանձասար» (Ստեղծման պատմությունը և ճարտարապետական նկարագիրը, 1981թ.), «Զրուցարան» (1991թ.), «Արցախի պատմություն. սկզբից մինչև մեր օրերը» (1994թ.), «Եսայի կաթողիկոս Հասան-Ջալալյանց» (1997թ.), «Համառոտ պատմություն Աղվանից երկրի» (1997թ.), «Արցախյան գոյապայքարի տարեգրություն» (1997թ.), «Հայոց Արևելից կողմանց եկեղեցին և մշակույթը» (1998թ.) գրքերը: Բանաստեղծական ժողովածուներից են՝ «Երգեր աշխատանքի և խաղաղության» (1952թ.), «Այս առավոտ» (1956թ.), պատմվածքների և վիպակների ժողովածուներն են՝ «Այգեստան» (1960թ.), «Թարթառ» (1963թ.), «Հատիկը չի մահանում» (1967թ.), «Կանթեղ» (1976թ.), վեպերից են՝ «Հայրենի հող» (1959թ.), «Մարդը» (1963թ.), «Սարդարապատ» (1991թ.): Գրաբարից աշխարհաբար է փոխադրել Ղազար Փարպեցու «Հայոց պատմությունը» (1982թ.): Եղել է ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից։ Մահացել է Եղվարդում, թաղված է Երևանում: