Zark Foundation

Բակուր

Բակուր

Արձակագիր

Բորիս Կարապետյան
Ծնվել է 1941թ. հունիսի 9-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարգուշավան գյուղում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Որոշ ժամանակ աշխատել է մասնագիտությամբ: 1967թ-ից հանրապետական մամուլում տպագրվել են նրա հոդվածները, հրապարակախոսական նյութերն ու պատմվածքները, հեռուստատեսությամբ հաղորդվել են նրա ակնարկները՝ նվիրված հանրապետության սոցիալ-տնտեսական, մշակութային խնդիրներին, հայ ժողովրդի ղարաբաղյան հատվածի կյանքին, միջնադարյան հուշարձաններին։ 1988թ-ից ղարաբաղյան գոյամարտի թեժ կետերին նվիրված նկարահանումներով ստեղծել է բազմաթիվ վավերագրական ֆիլմեր, որոնք ցուցադրվել են շատ երկրների հեռուստատեսությամբ՝ դրանցով նպաստելով ղարաբաղյան խնդրի միջազգայնացմանը։ Աշխատել է «Ազատամարտ» թերթում որպես ղարաբաղյան բաժնի վարիչ՝ հրապարակելով ռազմաճակատային բազմաթիվ ռեպորտաժներ, տեղեկատվական և վերլուծական նյութեր։ Հանդես է եկել գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսներով։ 1981թ. վիպասան Րաֆֆու նոթերի հետքերով ճանապարհորդելով` գրել է «Հարյուր տարվա երկխոսություն» գիրքը, որի համար 1990թ. արժանացել է ՀԳՄ Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի: 1986թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Հետագայում դարձել է նաև Հայաստանի ժուռնալիստների և նկարիչների միությունների անդամ: Հրատարակվել են նրա «Հարյուր տարվա երկխոսություն» (վիպակ՝ 1986թ., էսսե՝ 1989թ.), «Նզովյալներ» (2008թ.), «Արցախյան գոյամարտի համահավաք» (մատենաշար 5 հատորով, 2008-11թթ), «Նեռը իմ մեջ» (2010թ., անգլերեն՝ 2013թ.), «Շուշեցու հիշատակարանը» (2013թ.) գրքերը: Հիմնել է «Շուշի» բարեգործական հիմնադրամը: Մասնակցել է Հայաստանի և ԼՂ գրող-նկարիչների ցուցահանդեսին: Դասավանդում է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, Երևանի Մենեջմենթի համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչն է: Ղարաբաղյան գործունեության համար արժանացել է ԼՂ «Երախտիք» մեդալի: 2010թ. և 2012թ. արժանացել է ՀՀ վարչապետի հուշամեդալի, 2011թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի: