Ծնվել է Հայաստանի Թափադոլակ (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Արևիկ գյուղում): Եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ, տպարանապետ, ուսուցիչ։ Ուսումնասիրությունները վերաբերում են հայ հին ազգային և թարգմանական գրականությանը։ «Ագաթանգեղոսը և յուր բազմադարյան գաղտնիքն» (1890թ.) աշխատության մեջ այն կարծիքն է հայտնել, որ Ագաթանգեղոսի անունով մեզ հասած գիրքը իբր տարբեր հեղինակների գոած և 5-րդ դարի ի մի բերված երկերի ժողովածու է, որը կրում է մի քանի խմբագրությունների շերտեր։ Ըստ նրա, գրքի որոշ մասեր գրվել են 4-րդ դարում (հունարեն), իսկ 5-րդ դարում Կորյունը և Եզնիկ Կողբացին դրանք թարգմանել են հայերեն, խմբագրել և լրացրել։ 5-րդ դարում ավելացված գլխավոր մասը «Վարդապետությունն» է, որի հեղինակներն են Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը։ Նշել է, որ Ագաթանգեղոսի գիրքը հայատառ գրականության առաջին երկն է (ավելի վաղ ստեղծվել են միայն Աստվածաշնչի հայերեն թարգմանությունները հունարենից և ասորերենից), իսկ նրա անվամբ մեզ հասած հունարեն բնագիրը թարգմանված է հայերենից և հնարավորություն է տալիս վերականգնել հայկական բնագրում բացակայող (կորած) հատվածները։ «Տեսություն Սեղբեստրոսի պատմության և Մ.Խորենացվո աղբերաց» (1893թ.) երկում քննադատել է Օ.Կարիերի այն տեսակետը, ըստ որի՝ Խորենացին ոչ թե 5-րդ, այլ 8-9-րդ դարերի հեղինակ է։ «Անանուն ժամանակագրութիւն. խմբագիր, յօրինեալ յէ դարու» (1904թ.) ուսումնասիրությունում ապացուցել է, որ Անանիա Շիրակացուն վերագրվող «Ժամանակագրությունը» մի քանի ժամանակագրական երկերի ժողովածու է, որի կարևոր մասն է կազմում 2-3-րդ դարերի հույն հեղինակ Հիպպոլիտոսի ժամանակագրության հին հայերեն թարգմանությունը։ Նրա «Երկհարյուրամյա գրականական գործունեություն և նշանավոր գործիչներ Վենետկո Մխիթարյան միաբանության» (1905թ.) երկում հանգամանորեն բնութագրված է Մխիթարյան միաբանության գիտական, գրական, թարգմանական և հրատարակչական գործունեությունը, զետեղված են ուշագրավ դիվանական վավերագրեր։ Արժեքավոր է Վենետիկի Մխիթարյան մատենադարանի ձեռագրերի՝ նրա կազմած բազմահատոր նկարագրությունը՝ «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց մատենադարանի Մխիթարյանց ի Վենետիկ» (հ.1-3, 1914-66թթ, հ.3-ը՝ Գ.Սարգսյանի հեղինակակցությամբ)։ Նրա գրչին են պատկանում նաև բազմաթիվ այլ ուսումնասիրություններ, որոնք տպագրված են «Բազմավեպում»: Մահացել է Վենետիկում: