Ծնվել է Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում: Միջնակարգ կրթությունն ստացել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) թիվ 2 դպրոցում: 1947թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1952թ.՝ Դոնի Ռոստովի պետական համալսարանը: 1952-60թթ ռուսաց լեզու է դասավանդել Լենինականի թիվ 3 միջնակարգ դպրոցում, 1960-62թթ՝ Երևանի պետական համալսարան ռուսաց լեզվի ամբիոնում, 1962-75թթ՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտում, որտեղ 1975-82թթ եղել է գիտության գծով պրոռեկտորը: 1983-2003թթ եղել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսերենի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչը, 1994թ-ից՝ ռուս մշակույթի «Հարմոնիա» միջազգային միության փոխնախագահը, 1995թ-ից՝ «Մանկավարժական ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահը, 1999թ-ից՝ «Ռուսաց լեզուն Հայաստանում» ամսագրի գլխավոր խմբագիրը: 1970թ. ստացել է մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1973թ-ից՝ պրոֆեսոր): Ուսումնասիրությունները վերաբերում են հայկական դպրոցներում ռուսաց լեզվի դասավանդման, ռուսերենի և հայերենի հոլովական կառուցվածքների համապատասխանությունների հարցերին («Ռուսերենի նախդիրավոր կառուցվածքները և նրանց հայերեն համապատասխանությունները», 1977թ., «Ռուսաց լեզվի դասը հայկական դպրոցում», 1984թ., «Ռուսերենի դասավանդման մեթոդիկան հայկական դպրոցում», 1986թ.): Կազմել է դասագրքեր ռուսերենի խորացված ուսուցմամբ հայկական դպրոցների 1-8 դասարանների համար: Նրա հեղինակած դասագրքերով կրթվել են բազմաթիվ սերունդներ, ստեղծվել են ավելի քան 30 դասագրքեր, 315 տպագրված գիտական աշխատանքներ ու 6 մենագրություն: 1996թ-ից եղել է Ռուսաստանի մանկավարժական և հասարակական գիտությունների ակադեմիայի անդամ: 1946թ. արժանացել է Հայրենական Մեծ պատերազմում ինքնանվեր աշխատանքի համար շքանշանի, 1975թ.՝ Խաչատուր Աբովյանի անվան մեդալի, 1977թ.՝ Կրուպսկայայի անվան մեդալի, 2003թ.՝ Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման, 2005թ.՝ Ռուսաստանի Եղբայրության շքանշանի, 2010թ.՝ Վալերի Բրյուսովի անվան մեդալի, 2010թ.՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետի շնորհակալագրին: Մահացել է Երևանում: