Ծնվել է 1950թ. փետրվարի 4-ին, ՀՀ Ձաղիձոր գյուղում: 1967թ. ավարտել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) Գ.Սունդուկյանի անվան թիվ 8 միջնակարգ և Ս.Աղաջանյանի անվան նկարչական դպրոցները: 1974թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժինը: Ուսումնարանն ավարտելուց հետո դասավանդել է Կիրովականի թիվ 13 դպրոցում: 1988-91թթ աշխատել է Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնի Կիրովականի մասնաճյուղում՝ որպես տնօրեն: 1967-68թթ երգել է Ջեյմս Գյոզալյանի քառաձայն երգչախմբում, իսկ 1971-73թթ` Երևանի պետական համալսարանի Հովհաննես Չեքիջյանիերգչախմբում, ապա` Կիրովականի երգի-պարի պետական համույթում: 1985թ. ստեղծել է Լոռու շրջանում առաջին ազգագրական երգերի «Խորոտիկ» և 1989թ.՝ «Տաշիրք» համույթները: Ազգագրական երգչախումբ է ստեղծել նաև Վանաձորի բժշկական ուսումնարանում: 2012թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Հեղինակել է կտավներ, գրաֆիկական աշխատանքներ, քանդակներ, խաչքարեր: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների: Նրա հեղինակած խաչքարերը տեղադրվել են Հայաստանում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Անգլիայում: Պահպանված լուսանկարների օգնությամբ վերականգնել է ադրբեջանցիների կողմից կործանված Ջուղայի խաչքարերից: Զբաղվել է նաև բանահավաքչությամբ, գրառել և հանրապետական փառատոներին ու զանազան միջոցառումներին անձամբ հնչեցրել է մի շարք ժողովրդական երգեր՝ արժանանալով երգարվեստի մեծ երախտավոր Հայրիկ Մուրադյանի դրվատանքի խոսքերին: Ղեկավարում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ազգագրական երգչախումբը: