Zark Foundation

Գաբրիել Մենևիշյան

Գաբրիել Մենևիշյան

Լեզվաբան, հայագետ

3 ապրիլ, 1864 - 14 նոյեմբեր, 1936

Բյուզանդ Մենևիշյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1878թ. մեկնել է Վիեննա, 1882թ. դարձել միաբանության անդամ։ 1886-89թթ դասախոսել է միաբանության դպրոցում։ 1889թ. մեկնել է Կ.Պոլիս, ապա՝ Զմյուոնիա և մինչև 1892թ. պաշտոնավարել տեղի Մխիթարյան դպրոցում։ 1892-1913թթ եղել է Կ.Պոլսի Մխիթարյան դպրոցի ուսուցիչ, ապա՝ տնօրենը (որոշ ընդմիջումներով)։ 1895-96թթ եղել է «Հանդես ամսօրյա»-ի խմբագիրը։ 1913թ. Մխիթարյան միաբանության վարչությունը նրան ուղարկել է Սերբիայի Նովի Սադ քաղաք՝ միաբանության տնտեսական գործերը տնօրինելու։ Իր ուսումնասիրություններում քննել է հայերեն բառերի ծագումնաբանությունը, պարզաբանել ոսկեդարյան հայերենի, աշխարհաբարի քերականության և ուղղագրության որոշ հարցեր։ «Արդի լեզվագիտությունը» (հ.1, 1903թ.) աշխատության մեջ շարադրել է ժամանակի լեզվաբանության նվաճումները։ Գրել է նաև «վոլապյուկ» արհեստական լեզվի, գրելու արվեստի («Գիրք գրելու արվեստը», 1898թ.), գրական քննադատության դերի և այլ խնդիրների մասին։ Մանկավարժական գրականության բնագավառում առանձնանում է նրա եռահատոր «Պատկերազարդ բնական պատմություն» (1897թ.) դասագիրքը, որը ներառնում է կենդանաբանությունը, բուսաբանությունն ու հանքաբանությունը։ Անդրադարձել է նաև ազգագրական ու բանասիրական այլևայլ խնդիրների։ Կատարել է թարգմանություններ։ Մահացել է Սերբիայի Նովի Սադ քաղաքում: