Գաբրիել Տեր-Միքելով
Ծնվել է Ստավրոպոլում։ 1899թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտը։ 1899-1912թթ աշխատել է Բաքվում, 1912-49թթ` Թիֆլիսում։ Կլասիցիզմի, մոդեռնի և անդրկովկասյան ժողովուրդների ճարտարապետական ձևերի ստեղծագործական վերարտադրությամբ նախագծել է 70 շենք, որոնցից կառուցվել է 37-ը։ Նրա բարձրարվեստ կառույցները նպաստել են Բաքվի և Թբիլիսիի 20-րդ դարասկզբի ճարտարապետության պատմության և ազգային ճարտարապետության զարգացմանը։ Բաքվում կառուցված շենքերից են` Յուզբաշյանների առանձնատունը (1900-01թթ), Ադամյան եղբայրների եկամտաբեր տներ (1908-09թթ), Թաղիև եղբայրների եկամտաբեր տներ (1909-11թթ), Սադիխով եղբայրների եկամտաբեր տներ (1909-12թթ), Թիֆլիսի առևտրային դրամատան Բաքվի բաժանմունքի շենքը (1901թ.), Բաքվի առևտրային ուսումնարանը (1904թ.), Հասարակական հավաքույթի ամառային ակումբը (1910-12թթ, այժմ` Ադրբեջանի ֆիլհարմոնիա), պետական դրամատան աշխատակիցների բնակելի տունը (1926թ.), Ֆիզոթերապևտիկ ինստիտուտի համակառույցը (պոլիկլինիկա, ջրաբուժարան, հիվանդանոց, 1928-35թթ, Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի Մեծ մրցանակ և ոսկե մեդալ` 1937թ.) և այլն: 1905-09թթ մեծահարուստ Պ.Տեր-Ղուկասյանի պատվերով կառուցել է Յալթայի Սբ. Հռիփսիմե հայկական եկեղեցին: Թբիլիսիում կառուցած շենքերից են` Մ.Արամյանցի «Մաժեստիկ» հյուրանոցը (1912-14թթ, այժմ` «Թբիլիսի»), Հ.Մելիք-Դադայանի եկամտաբեր տունը (1912-14թթ, այժմ` երկաթուղային տեխնիկում), Ա.Միլյանի առանձնատունը (1914թ.), պետական դրամատան բնակելի տների համակառույցը (չորս մասնաշենք, 1926-30թթ), պատանի հանդիսատոսի թատրոնը (1938-49թթ, այժմ` Երկաթուղայինների տուն): 1926թ-ից եղել է Թբիլիսիի գեղարվեստների ակադեմիայի պրոֆեսոր, 1937թ-ից` ԽՍՀՄ ճարտարապետական ակադեմիայի թղթակից անդամ: 1937թ. արժանացել է Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թբիլիսիում: