Ծնվել է 1947թ. դեկտեմբերի 10-ին, Երևանում: Արվեստաբան Վիգեն Ղազարյանի եղբայրն է: 1965թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանիանվան գեղարվեստի ուսումնարանը, 1972թ.՝ Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը: 1977թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ 1990-94թթ եղել է դեկան (1998թ-ից՝ պրոֆեսոր): 1992-98թթ եղել է Հայաստանի նկարիչների միության քանդակագործության մասնաճյուղի նախագահը, 1998թ-ից` վարչության քարտուղարը: Ստեղծել է դեկորատիվ-մոնումենտալ գործեր: Ստեղծագործություններից են՝ «Հիշողություններ Կոնդից» (1982թ., Հայաստանի նկարիչների միության տարվա լավագույն աշխատանքի մրցանակ՝ 1983թ.), «Պատմական Էրեբունի» (1987-88թթ, «Էրեբունի» հյուրանոց), «93-ի ցուրտ ձմեռը» (1997թ.), «Սրբազանը» (2002թ.): Նրա գրաֆիկաներում և քանդակներում դոմինանտ է մարդը՝ որպես գաղափարական ու նյութականի միակ, ամենահիմնավոր ու եսակենտրոն առեղծված: Գործերից տեղադրված են Մոսկվայում («Կոխ», 1979թ.), Յալթայում («Անմահական խնձոր», 1981թ.), Իջևանում («Իջևանյան հուշապատկերներ», 1986թ.), Երևանում («Արքայադուստրը հավալուսնով», 1994թ.), Արցախում («Արցախի վերածնունդը», 1996թ.), Փոթիում («Հրեշտակներ», 1998թ.) և այլուր: