Ծնվել է Երևանում: Եղել է բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի կինը: 1954-58թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: 1958-61թթ աշխատել է Կապանի, 1961-71թթ, 1983-95թթ` Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, 1971-77թթ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան, 1977-83թթ` Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական, ապա` Երևանի Հ.Պարոնյանիանվան երաժշտական կոմեդիայի և պետական Համազգային թատրոններում: Թատրոնում կերտել է բազմաթիվ դերեր: Դերասանուհու դերակատարումներին բնորոշ են եղել վառ նկարագիրը, հոգեբանական հավաստի վերլուծությունը: Խաղացել է Գ.Սունդուկյանի «Պատվի համար» (Մարգարիտ), «Խաթաբալա» (Քեթևան), Բ.Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները» (Կատրին), «Կամուրջ» (Մարինա Չոդրիշվիլի), Է.դե Ֆիլիպպոյի «Ֆիլումենա Մարտուրանո» (Ֆիլումենա), Ջ.Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջը» (Սևիջ), Հ.Մաթևոսյանի «Կայարան» (Հեռախոսավարուհի), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Մարգարիտ), Գ.Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» (Մատիբո), Պ. Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» (Մայր և տանտիրուհի) և այլ ներկայացումներում: Նկարահանվել է նաև բազմաթիվ ֆիլմերում` «Բարև, ես եմ», «Հեղնար աղբյուր», «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ», «Գիքորը», «Մեր մանկության տանգոն», «Կարոտ», «Որտեղ էիր, մարդ Աստծո» և այլն: 1985թ. Վենետիկի և Մինսկի կինոփառատոների ժամանակ, «Մեր մանկության տանգոն» ֆիլմում լավագույն դերակատարման համար արժանացել է ժյուրիի բարձր գնահատականի և մրցանակի: 1995թ-ից բնակվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, պարգևատրվել մի շարք մեդալներով, պետական պարգևներով, հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» բարձրագույն մեդալով: 1998թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2007թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2008թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի: Մահացել է Երևանում: