Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի Պեզճյան վարժարանում, ապա սովորել է Կ.Պոլսի գեղարվեստների ուսումնարանում, որն ավարտելուց հետո զբաղվել է նկարչությամբ, հրապուրվել հատկապես ծովանկարչությամբ։ Կատարել է նաև դիմանկարներ։ Նրա գործերը ցուցադրվել են եվրոպական գրեթե բոլոր մայրաքաղաքներում` արժանանալով բարձր գնահատականի։ Նրա արվեստը գնահատողներից է եղել Ռումինիայի թագուհի, գրող Կարմեն Սիլվան, ով Ռումինիայի թանգարանի համար գնումներ է կատարել հայ նկարչից: 1912թ. մեկնել է ԱՄՆ: Նյու Յորքում հիմնել է իր արվեստանոցը, կազմակերպել ցուցահանդեսներ 1912, 1913 և 1917 թվականներին։ Նրա բազմաթիվ նկարները զարդարում են ամերիկյան շատ հիմնարկների դահլիճները։ Մահացել է Վաշինգտոնում: