Ծնվել է 1949թ. հունվարի 5-ին, Երևանում։ Սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում։ 1976թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: 1977թ-ից աշխատել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, զուգահեռ՝ Ղ.Սարյանի անվան թիվ 1 արվեստի դպրոցում, դասավանդել է երաժշտություն: 1979թ. առաջին անգամ հանդես է եկել Արամ Մերանգուլյանի անսամբլի հետ «Երիտասարդ ձայներ» հաղորդաշարում: 1987թ-ից եղել է ֆիլհարմոնիայի մեներգչուհի: 1990թ. ստեղծել է «Կարին» ժողովրդական գործիքների համույթը: 1998թ. աշխատել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում` որպես երգչախմբի ղեկավար: Ավետիք Մկրտչյանի անվան համալսարանում (նախկինում համալսարանը կոչվել է Քըրք Քըրքորյանի անունով) դասավանդում է բարոյագիտություն և գեղագիտություն, համալսարանում ստեղծել է երգչախումբ: 2007-12թթ հիմնադրել և տնօրինում է Գարեգին Նժդեհի թանգարանը։ Բարեգործական համերգներով հանդես է եկել հայաստանյան և արտասահմանյան տարբեր բեմերում` Կրասնոդար, Նովոռոսիյսկ, Անապա, Տուապսե, Գելենջիկ, Ռիգա, Թբիլիսի, Հալեպ, Դամասկոս, Ղամիշլի, Սպահան, Թեհրան, Թավրիզ և այլուր: 2011թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: