Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): 1952թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1958թ.` Լենինգրադի արվեստի բարձրագույն դպրոցը` Վ.Մուխինայի արվեստանոցը: 1962թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ, 1984-87թթ` միության առաջին քարտուղարը, 1988թ-ից` Հայաստանի Արվեստի հիմնադրամի նախագահը: 1970-78թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Հեղինակել է մոնումենտալ խճանկարներ, որմնանկարներ, ինչպես նաև բազմաթիվ յուղաներկ աշխատանքներ: Գործերից են` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի ֆասադին տեղադրված «Հայաստան» խճանկարը, Ստեփանավանում` «Արգիշտին` որսի ժամանակ», Գյումրիում` «Գյումրվա հարսանիք», Սևանում` «Աստղիկի ծնունդը» խճանկարները, մի շարք որմնանկարներ Երևանում և Մոսկվայում: Նկարիչը նաև կոմպոզիցիոն կտավների, դիմանկարների, բնանկարների և այլ ժանրերում արված գործերի հեղինակ է: 1958թ-ից մասնակցել է մի շարք ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում` Լոնդոն (1967թ.), Մոսկվա (1971թ., 1983թ., բրոնզե մեդալ` «Ազատ Շերենց» դիմանկարի համար), Լյուքսեմբուրգ (1988թ., մրցանակ` «Աշուն» և «Դստեր դիմանկարը» գործերի համար), Վալենս (1991թ., Ֆրանսիա), Փարիզ (1994թ.), Լեհաստան (1995թ.) և այլն: Աշխատանքները գտնվում են ՀԱՊ-ում, Հայաստանի և արտերկրի մասնավոր հավաքածուներում: 1983թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Երևանում: