Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի)։ Եղել է աշուղ Ջիվանու որդին: Սովորել է տեղի Սբ. Փրկչի չորեքդասյան դպրոցում։ 1898-1901թթ սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: 1901-06թթ գեղարվեստի պատմություն և նկարչություն է դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1906թ. սովորել է Լայպցիգում։ 1908-22թթ Թիֆլիսում Կոմիտասի հետ հիմնադրել և խմբագրել է «Գեղարվեստ» հանդեսը, որն ուներ գրական, գեղարվեստական, երաժշտական բաժիններ: Կազմել և հրատարակել է դասագրքեր՝ «Հայկական վայելչագրություն և գեղագրություն» (1908թ.), «Գծագրություն և նկարչություն» (1909թ.) և այլն: 1910-11թթ դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1926-27թթ՝ Երևանի գեղարվեստական տեխնիկումում, իսկ կյանքի վերջին տարիներին՝ Երևանի թատերական ինստիտուտում և պետական համալսարանում (պրոֆեսոր)։ Աշխատակցել է «Նոր դար», «Մշակ», «Հանդես գրական և պատմական», «Ազգագրական հանդես», «Անահիտ» պարբերականներին: Նրա անդրանիկ ուսումնասիրությունը՝ «Հայ աշուղներ», լույս է տեսել 1892թ.: «Հայոց պարբերական մամուլը» (1895թ.) դեռևս ձեռագիր վիճակում արժանացել է «Սահակ-Մեսրոպյան» մրցանակի: Գիտաբանասիրական արժեք են ներկայացնում «Բաղտասար Դպիր» («Տեղեկագիր Հայաստանի գիտության և արվեստի», 1927թ.), «Գևորգ Ախվերդյան» («Անահիտ», 1929թ.) ուսումնասիրությունները: Գիտական հրատարակության է պատրաստել Սայաթ-Նովայի երգերի (1931թ., ընդարձակ առաջաբանով), Ջիվանու երգերի (1936թ.) և «Հայ աշուղներ» (1937թ.) ժողովածուները: Գրել է նաև մի շարք այլ գործեր՝ «Գառնիի հեթանոսական տաճարի առեղծվածը» (1941թ.), «Էջեր հայ երաժշտության պատմության» (1945թ.), «Հայ գիրքը և տպագրության արվեստը» (1946թ.): Թողել է բազմաթիվ անտիպ ուսումնասիրություններ: Երկերի տակ ստորագրել է նաև «Գ.Լ.», «Գոշ», «Գրասեր», «Ճռինչ», «Մեֆիստոֆել», «Շավարշ», «Վաղինակ»: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1932թ. առաջինն է արժանացել Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում: