1970թ․ մարտի 13-ին Երևանում բացվեց աշխարհում առաջին մանկական պատկերասրահը՝ հետագայում վերանվանվելով Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանի։ Հիմնադիրները արվեստաբան Հենրիկ Իգիթյանը և մանկավարժ Ժաննա Աղամիրյանն էին։ Պատկերասրահի բացումը մեծ իրադարձություն էր ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Խորհրդային միության գեղարվեստական կյանքում։ Աշխարհում չկար նմանատիպ մանկական հաստատություն։ Հայաստանի մանկական ստեղծագործության թանգարանը, որն ի սկզբանե որպես պատկերասրահ բացվեց մի փոքրիկ ցուցահանդեսով, հետագայում ստեղծեց մեծ մշտական հավաքածու՝ ներառելով շուրջ 150․000 ստեղծագործություն Հայաստանից և աշխարհի 120 երկրից։ Թանգարանում մեծ հաջողությամբ կազմակերպվել են անհատական, խմբային, հանրապետական, համամիութենական ու միջազգային ցուցահանդեսներ։ Հայ երեխաների բազմաթիվ նկարներ հետաքրքրությամբ դիտվել են աշխարհի շատ երկրներում։ Հետագայում Մանկական պատկերասրահը հիմք է ծառայել Գեղագիտության ազգային կենտրոնի ստեղծման համար։ 1978թ․ հոկտեմբերի 18-ին հանրապետության ղեկավարության որոշմամբ հիմնվեց Հայաստանի էսթետիկական կենտրոնը, հետագայում՝ Գեղագիտության ազգային կենտրոնը, որը չուներ իր նախադեպը ողջ աշխարհում։ Ստեղծման առաջին իսկ օրից Կենտրոնը դարձավ հայ մանուկների և պատանիների՝ արվեստի բոլոր ճյուղերին և, ընդհանուր առմամբ, մշակույթին մերձենալու, նրանց ստեղծագործական շնորհքն ու նախասիրությունները բացահայտելու և զարգացնելու կառույց։ Իր մարզային մասնաճյուղերի հետ միասին այն երկար տարիներ միակն էլ մնաց։ Կենտրոնում ուսանած և կրթված սաներից շատերը երեկվա և այսօրվա Հայաստանի մշակութային ու մտավորական դաշտի ներկայացուցիչներ են։ Գեղագիտության ազգային կենտրոնի գործունեության մեջ մշտապես ներգրավված են եղել լայնախոհ ու բարձրակարգ արվեստագետ-դասավանդողներ, վարպետներ և մշակույթի ու արվեստի գործիչներ։ Ի սկզբանե Կենտրոնը կտրականապես հրաժարվել է բոլոր դոգմատիկ մեթոդաբանական ձեռնարկներից և ծրագրերից, որոնք ոչ մի աղերս չունեին երեխաների և իրական արվեստի հետ։ Կառույցը ծնվել և շարունակում է ապրել որպես մի փորձարարական լաբորատորիա՝ իրականացնելով իր բարձր հոգևոր առաքելությունը։ Ունենալով մանկական գեղագիտական կենտրոնի ուղղվածություն՝ Կենտրոնի առաքելությունը մշտապես եղել է կրթամշակութային դասավանդման միջոցով հայ մանուկների գեղագիտական ճաշակի ձևավորմանը, նրանց ստեղծագործական հմտությունների բացահայտմանն ու զարգացմանը, արվեստասեր և ստեղծագործող սերունդներ դաստիարակելու գործընթացին, մանկական ստեղծագործունեության դաշտում միջազգային կապերի հաստատմանը նպաստելը։ Կենտրոնում գործում է Մանկական ստեղծագործության թանգարանը, «Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ» ստորաբաժանումը իր բազմաթիվ արվեստանոցներով, երկու թատրոններ՝ «Փոքր թատրոնը» և «Մետրո» թատրոն-ստուդիան, մանկական ֆիլհարմոնիան իր պարի ստուդիայով և «Գորանի» համույթով, ինչպես նաև ազգային նվագարանների յոթնամյա երաժշտական դպրոցը։ Կենտրոնն ունի նաև մասնաճյուղեր Հայաստանի տարբեր մարզերի քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Մեղրիում, Սևանում և Գորիսում։ Կենտրոնը հրատարակել է սաների կողմից պատկերազարդված հետևյալ գրքերը՝ «Կենաց ծառ» (1995թ.), «Ֆուձիյամայից Արարատ» (1997թ.), «Հայկական հեքիաթներ» (1999թ.), «Եղիցի լույս» (2001թ., չորս լեզվով), «Աստվածաշունչ» (2002թ.), «Սասունցի Դավիթ» (ըստ Հովհաննես Թումանյանի, 2004թ.), «Սասունցի Դավիթ» (ըստ Նաիրի Զարյանի, 2006թ.), «Հովհաննես Թումանյան, Հայկական հեքիաթներ» (2006թ., անգլերեն), «Հեքիաթների կախարդական աշխարհը» (2007թ., ռուսերեն)։ Տպագրվել են նաև մի շարք պատկերագրքեր, ստեղծված միասնական նախագծերի հիման վրա, դրանք են՝ «Ճապոնիան հայ երեխաների աչքերով» (2011թ.), «Տիեզերք» (2012թ.), «Հենրիկ Իգիթյան, Մոլորակ ստեղծողը» (2012թ.), «Սիրո ուժն է անհաղթ» (2012-16թթ), «Քարթլիի թագուհի Շուշանիկը» (2015թ.), Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի պատկերագրքեր (2011-17թթ) և այլն։