
Օպերային երգիչ, բեմադրիչ
29 հունվար, 1951 - 23 մարտ, 2016
Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջը և Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը: 1977թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երգեցողության բաժինը՝ Սերգեյ Դանիելյանի դասարանը: 1978-79թթ կատարելագործվել է Միլանի «Լա Սկալա» թատրոնում: 1972թ. մենահամերգներով մեկնել է արևմտյան Բեռլին: 1975թ. կայացել նրա դեբյուտը Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ Էդգարի դերերգով (Դոնիցետիի «Լուչիա դի Լամերմուր»): «Լա Սկալա»-ում դեբյուտով հանդես է եկել Պինկերտոնի դերում (Պուչինի «Մադամ Բաթերֆլայ»): 1981թ-ից աշխատել է Վիլնյուսի օպերային թատրոնում, որպես մեներգիչ, զուգահեռ մնալով Երևանի օպերայի և բալետի թատրոնի արտիստ: Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» (Տիրիթ), Ա.Հարությունյանի «Սայաթ-Նովա» (Սայաթ-Նովա), Ռոսսինի «Սևիլյան սափրիչ» (Կոմս Ալմավիվա), Գունոյի «Ֆաուստ» (Ֆաուստ), Պ.Չայկովսկու «Պիկովայա Դամա» (Հերման) և այլն: Վիլնյուսում աշխատել է դիրիժոր Յոնաս Ալեկսայի հետ՝ երգելով «Եվգենի Օնեգին», «Դոն Կարլոս», «Բորիս Գոդունով», «Տրավիատա», «Մադամ Բաթերֆլայ», «Ռիգոլետո» և շատ այլ օպերաներում: 1989թ-ից, Վալերի Գերգիևի հրավերով, հանդես է եկել «Մարիինյան» թատրոնում՝ որպես առաջատար մեներգիչ: Հանդես է եկել աշխարհի բոլոր խոշոր օպերային թատրոններում ու համերգասրահներում՝ «Covent Garden» («Մազեպա», «Եվգենի Օնեգին»), «Մետրոպոլիտեն Օպերա» («Պիկովայա Դամա», «Աիդա», «Պատերազմ և խաղաղություն», «Պարահանդես-դիմակահանդես», «Արքայազն Իգոր», «Գեղջկական պատիվ», «Տոսկա»), «Լա Սկալա» («Մադամ Բաթերֆլայ», «Ճակատգրի ուժը», «Բորիս Գոդունով», «Խովանշինա», «Պիկովայա Դամա», «Պատերազմ և խաղաղություն»), «Teatro Colon Buenos Aires» («Ֆեդորա», «Պայացներ», «Թիկնոց», «Նորմա»), «Teatro dell’ Opera di Roma» («Նորմա», «Աիդա», «Գեղջկական պատիվ», «Բոհեմ» և այլն), «Berlin Staatsoper» («Արքայազն Իգոր», «Աիդա», «Տրուբադուր», «Պիկովայա դամա»): Երգել է Նյու Յորքում, Վաշինգտոնում, Տոկիոյում, Փարիզում, Վիեննայում, Մյունխենում, Բեռլինում, Ամստերդամում, Մոնտե Կարլոյում, Ջենովայում, Ֆլորենցիայում, Ճապոնիայում և այլուր: 1990-ական թվականներից մշտապես հրավիրվել է մասնակցելու տարբեր միջազգային հեղինակավոր փառատոների՝ «Choregies d’Orange» (Ֆրանսիա), «Summer Opera season at the Baths of Caracalla» (Իտալիա), Ռավեննայի փառատոն (Իտալիա), Սավոնլինայի օպերային փառատոն (Ֆինլանդիա), «Festival Del Maggio Musicale Fiorentino» (Իտալիա), Պուչչիննիի փառատոն (Իտալիա), Սալցբուրգի փառատոն (Գերմանիա) և այլն: 1989-96թթ եղել է «Tours Festival»-ի (Ֆրանսիա) գեղարվեստական ղեկավարության կազմում: «Ֆիլիպս Կլասիկ Ռեքորդս»-ի պատվերով ձայնագրվել է հետևյալ օպերաներում՝ Ս.Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն», Պ.Չայկովսկու «Պիկովայա Դամա», «Իոլանտա», Ա.Բորոդինի «Արքայազն Իգոր», Ն.Ռիմսկի-Կորսակովի «Սադկո», Վերդիի «Ճակատագրի ուժը»: Նկարահանվել է «Պիկովայա Դամա», «Պատերազմ և Խաղաղություն», «Սադկո», «Ճակատագրի ուժը», «Ալմաստ», «Նորմա» ֆիլմ-օպերաներում: Երգել է տենորի համար գրված բոլոր բարդ դերերը («Ռիգոլետո»՝ 208 ներկայացում, «Աիդա»՝ 70 ներկայացում): Համագործակցել է դասական երաժշտության ասպարեզի բոլոր հայտնիների հետ՝ դասական արվեստի կատարողներ Ն.Գյաուրովի, Մ.Ֆրենիի, Լ.Փրայսի, Գ.Բամբրիի, Գ.Դիմիտրովայի, Լ.Պավարոտտիի, Պ.Դոմինգոյի, Վ.Գերգիևի, Զ.Մետայի, Բ.Բարտոլետտիի, Ե.Սվետլանովի, ռեժիսորներ Գրենվիկի, Ա.Կանչալովսկու, Ֆ.Ձեֆիրելլիի, Ջ.դել Մոնակոյի և շատ ուրիշների հետ: Ճանաչվել է 20-րդ դարի լավագույն տենորներից մեկը, որի ցանկը բացում են լեգենդար Էնրիկո Կառուզոն, Բենիամինո Ջիլին, Ֆրանկո Կորելլին: 2000-07թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, որի ընթացքում բեմադրել է Վերդիի «Տրավիատա», Ա.Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ», Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» և այլ օպերաներ: 1980-86թթ դասավանդել է Լիտվայի պետական կոնսերվատորիայում: Դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (պրոֆեսոր): 2015թ-ից եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1970թ. դարձել է Ա.Սպենդիարյանի անվան, 1972թ.՝ Անդրկովկասյան երաժիշտների, 1975թ.՝ Գլինկայի անվան, 1982թ.՝ Պ.Չայկովսկու անվան մրցույթների դափնեկիր: 1982թ. արժանացել է Լիտվայի վաստակավոր, 1985թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2011թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի: Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան պանթեոնում: