Zark Foundation

Գեղամ Կիրակոսյան

Գեղամ Կիրակոսյան

Պատմաբան

18 հուլիս, 1931 - 30 օգոստոս, 2010

Ծնվել է Հայաստանի Աշնակ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզում): Ավարտել է տեղիի միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետ: Ավարտելուց հետո 1971թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1997թ.՝ դոկտորական ատենախոսություն: Ավելի քան չորս տասնյակ տարիներ դասավանդել է մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետում, եղել է համալսարանի կուսքարտուղար, պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր: Դասավանդել է համաշխարհային պատմության նորագույն շրջանը և մասնագիտական մի շարք դասընթացներ: Հեղինակել է 40-ից ավելի գիտական հոդվածներ և 4 մենագրություն: Նրա պատմագիտական հետաքրքրությունների շրջանակները ընդգրկում են միջնադարյան Հայաստանի հարուստ պատմության հիմնահարցերից մինչև Սասունի պատմությունը: Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության (1915թ.) հարցեր է լուսաբանվել նրա ոչ միայն թեկնածուական ու դոկտորական ատենախոսություններում, այլև մյուս աշխատություններում: Պատմաբանի «Հայաստանը Լանկ-Թեմուրի և թուրքմեն ցեղերի արշավանքների շրջանում (1386-1500թթ)» (1997թ.) մենագրությունը նվիրված է հայոց պատմության միջնադարի քիչ ուսումնասիրված շրջանին: Նրա պատմագիտական ժառանգության մեջ ուրույն տեղ ունեն հուշագրությունները նվիրված իր հայրենի բնօրրանի պատմությանը` «Հողի և արյան կանչով», «Էրգիրն է կանչում» աշխատությունները: Վերջինս նվիրված է դեպի Արևմտյան Հայաստան նշանավոր եկեղեցական ու հասարակական գործիչ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի կողմից 2000թ. կազմակերպած ուխտագնացությանը: 2010թ. հրատարակվել է նրա «Սասուն» աշխատությունը: Մահացել է Երևանում: