Ծնվել է Ռուսաստանի Չիտա քաղաքում։ 1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1952թ-ից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1968-73թթ եղել է արևելագիտական ֆակուլտետի դեկանը, 1973-98թթ՝ իրանագիտության և քրդագիտական բանասիրության ամբիոնների վարիչը: 1972թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1973թ-ից՝ պրոֆեսոր): Ուսումնասիրությունները վերաբերում են պարսկերենի հին, միջին և նոր շրջաններին, պարսկերենի և հայերենի առնչություններին։ Կազմել է պարսկերենի դասագրքեր՝ պարսկական թեքումով հայկական դպրոցների համար։ Հրատարակվել են նրա «Ուրվագծեր արդի պարսկերենի հնչյունաբանության։ Դասախոսություն արդի պարսկերենի հնչյունաբանության դասընթացից» (1961թ.), «Պարսից լեզվի քերականությունը» (1980թ.), «Պարսկերեն-հայերեն բառարանը» (1987թ.) գրքերը: Պարսկերեն է թարգմանել Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» (1984թ.), Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» (1989թ.) գրքերը: Մահացել է Երևանում: