Zark Foundation

Գիսակ Վրույր

Գիսակ Վրույր

Ջութակահար, գեղանկարիչ

3 նոյեմբեր, 1884 - 1 հոկտեմբեր, 1972

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ 1903թ. մեկնել է Բելգիա, սովորել Բրյուսելի կոնսերվատորիայում՝ Մ.Թոմսոնի մոտ, որն ավարտելուց հետո դարձել է նույն կոնսերվատորիայի պրոֆեսոր։ Համերգներով հանդես է եկել Եվրոպայի երկրներում։ Եղել է ջութակի ֆրանսիական-բելգիական դպրոցի վիրտուոզ-ռոմանտիկական թևի ներկայացուցիչ։ Նրա նվագացանկում կենտրոնական տեղ են գրավել Ա.Վիյոտանի, Հ.Էռնստի, Ն.Պագանինիի, Մ.Թոմսոնի, Կ.Սեն-Սանսի ստեղծագործությունները։ 1911-14թթ ապրել է Թիֆլիսում, ընտրվել Թիֆլիսի հայոց երաժշտական ընկերության վարչության կազմում։ Համերգներով հանդես է եկել Անդրկովկասի այլ քաղաքներում, մասնավորապես Բաթումում, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1914թ. համերգային շրջագայության է մեկնել Հոլանդիա։ 1923թ-ից ապրել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Նվագել է «Մետրո Գոլդվին Մայեր» կինոընկերության նվագախմբում, հիմնադրել իր դպրոց-ստուդիան, զբաղվել մանկավարժությամբ, կազմել ջութակի ուսումնական ձեռնարկներ։ Եղել է նաև շնորհալի նկարիչ, մասնակցել է Լոս Անջելեսի գեղարվեստական ցուցահանդեսներին, շահել ոսկե մեդալներ։ Նրա նկարների մի մասը պահվում է Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում (Երևան)։ Մահացել է Լոս Անջելեսում: