Zark Foundation

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբ

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբ

Նվագախումբ

Հիմնադրվել է 1986թ., Լենինականում (այժմ՝ Գյումրի): Սկզբնավորման պահին նվագախմբի խորհրդատուն է եղել կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանը, տնօրենը՝ Մամիկոն Բաբոյանը (1986-94թթ), իսկ գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը՝ Ջիվան Խաչատրյանը (1986-2001թթ): 1994-22թթ նվագախմբի տնօրենն է եղել Մուրադ Մալխասյանը: Նվագախմբում ընդգրկված են քանոն, քամանչա, թառ, ուդ, դհոլ, շվի, դուդուկ, զուռնա, բլուլ, պկու։ Նվագախմբի հետ տարբեր ժամանակներում ելույթ են ունեցել այնպիսի երաժիշտներ և երգիչներ, ինչպիսիք են՝ Ռուբեն Մաթևոսյանը, Գևորգ Դաբաղյանը, Արսեն Գրիգորյանը, Կամո Սեյրանյանը, Համլետ Գևորգյանը և այլք: Նվագախումբը բազմիցս հայ երգը հնչեցրել է ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի բեմերից` ԱՄՆ, Ֆրանսիա, Հունաստան, Ռուսաստան, Իրաք, Վրաստան: Մշտապես նվագախմբի կողմից անցկացվել են բարեգործական համերգներ Գյումրիում գործող բոլոր տարեցների կենտրոնների շահառուների և ՀՀ ՊՆ զորամասերի համար: Նվագախումբն ունի բազմաժանր ծրագիր` աշուղական, ժողովրդական և հայրենասիրական: Այստեղ մկրտություն ստացած շատ երաժիշտներ այսօր իրենց արհեստավարժ գործունեությունն են ծավալում ինչպես հայրենիքում, այնպես էլ՝ արտերկրում: Նվագախումբը մասնակցել է «Պահպանենք մեր մշակույթը», «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական 2-րդ, 3-րդ փառատոներին, աշուղական արվեստի՝ Սայաթ-Նովային նվիրված Կովկասյան միջազգային փառատոնին, «Եղեգան փող» ժողովրդագուսանական երգարվեստի համահայկական փառատոնին, Իրաքի միջազգային ֆոլկլորային փառատոնին, ՌԴ Ռոստովի մարզի Ազով քաղաքում կազմակերպված ժողովրդական ստեղծագործության «Ընկերակցություն» միջազգային փառատոնին, «Գյումրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի բացմանը նվիրված միջոցառմանը, «Հորովել», «Երգ երգոց» (Հայաստանի հանրային ՀԸ), «Ժողովրդական տասնյակ» (Շանթ ՀԸ) հեռուստանախագծերին: 2012թ, նվագախումբը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով, Գյումրու քաղաքապետարանի «Գյումրու զինանշան» հուշանվերով, Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալով, 2016թ.՝ ՀՀ Շիրակի մարզպետարանի հուշամեդալով: Նվագախմբի անդամներին շնորհվել են ՀՀ պատվավոր կոչումներ, ՀՀ մշակույթի նախարարության մեդալներ և այլ պարգևներ: 2018թ. ՀՀ մշակույթի նախարարության կողմից անցկացվող ամենամյա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում նվագախումբն արժանացել է երկու մրցանակների՝ «Տարվա լավագույն նվագախումբ» և «Տարվա լավագույն ալբոմ» (Խ.Ավետիսյանի «Քեզ եմ հիշում» ալբոմի համար): Իր գործունեության ընթացքում նվագախումբը թողարկել է 4 տեսասկավառակ և 1 ձայնասկավառակ: 2001թ-ից նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է Ջեմմա Քաղցրիկյանը: