Zark Foundation

Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն

Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն

Մշակութային կենտրոն

Սկզբնավորվել է 1865թ. Ալեքսանդրապոլում՝ ռուսական բանակի հրետանու սպա Ալեքսանդր Մելիք-Հայկազյանցի նախաձեռնությամբ։ Նույն թվականի մայիսի 23-ին առաջին անգամ վեր է բարձրացել քաղաքային ակումբի վարագույրը և, ալեքսանդրապոլյան նորաստեղծ թատերախումբը հանդիսատեսին ներկայացրել է իր անդրանիկ բեմադրությունը՝ Հ.Կարինյանի «Շուշանիկ» պատմական ողբերգությունը, որից հետո բեմ է բարձրացել Ն.Գոգոլի «Ռևիզորը»։ Թատերական կյանքի աշխուժացմանը մեծապես նպաստել են անվանի դերասանների հյուրախաղերը՝ այսպիսով 1880թ. Ալեքսանդրապոլի հանդիսականին է ներկայացել Պետրոս Ադամյանը, ում հաջորդել են Կ.Գալֆայանը, Սիրանույշը, Հ.Աբելյանը, Հ.Զարիֆյանը, Վ.Փափազյանը և ուրիշներ։ Եթե սկզբնական շրջանում բեմադրվում էին պատմական ողբերգություններ և ֆրանսիական մելոդրամաներ, հետագայում արդեն թատերախումբը, մշակելով իր խաղացանկը, անդրադարձել է նաև ժամանակակից կյանքի գեղարվեստական արտահայտմանը։ Այդ գործում շրջադարձային եղավ Գ.Սունդուկյանի դրամատուրգիան։ 1891թ. Ալեքսանդրապոլում առաջին անգամ մեծ հանդիսավորությամբ բեմ է բարձրացել «Պեպոն», իսկ 1912թ.՝ Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան։ Խորհրդային կարգերի հաստատումը նոր թափ է հաղորդել թատրոնի ստեղծագործական կյանքին։ 1921թ. իր գործունեությունն է վերսկսել Ալեքսանդրապոլի արդեն խորհրդային թատրոնը՝ Վ.Միրզոյանի գլխավորությամբ, մեկ տարի անց նրան փոխարինելու է եկել հայ թատրոնի մեծանուն արտիստ Արմեն Արմենյանը, ով 1922թ. իրականացրել է «Սասունցի Դավիթ» էպոսի բացօթյա բեմադրությունը։ 1928թ. իր տարեգրության նոր էջն է բացել Լենինականի թատրոնը, որը վերանվանվել է երկրորդ պետթատրոն /այնուհետև Ա.Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոն/։ Թատրոնի ստեղծագործական կազմը եկան համալրելու Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիան ավարտած երիտասարդ ռեժիսորներ՝ Թադևոս Սարյանը, Վարդան Աճեմյանը և ուրիշները։ Թատրոնին նոր շունչ ու որակ բերած, ժամանակի ոգին արտացոլող «Խռովություն» պատմահեղափոխական դրաման, որին առաջին անգամ հանդիսատեսը ծանոթացավ նորակազմ թատրոնի հետ։ 1930-ականներին Լենինականի թատրոնն արդեն ձևավորվել էր որպես ստեղծագործական առողջ օրգանիզմ, որը միավորում էր տաղանդավոր արտիստների՝ Ա.Արմենյան, Ե.Դուրյան-Արմենյան, Ց.Ամերիկյան, Լ.Զոհրաբյան, Ս.Սուրենյան, Ա.Ասրյան, Ա.Փաշայան և ուրիշներ։ Թատրոնի հիմնադրումից ի վեր՝ 1928թ., Վարդան Աճեմյանը հայտնվել է թատրոնում, որտեղ նրա առաջին նշանավոր բեմադրությունը, որը մեծ հաջողություն է բերել նրան, եղել Լավրենյովի «Բեկումը»։ Սակայն բեմադրիչ լինելուց բացի, Աճեմյանը որպես դերասան հանդես է եկել նաև մի շարք ներկայացումներում՝ «Խռովություն» պիեսում խաղացել է Կոզլովի դերը, «Ատամնաբույժն արևելյանում» Թովմասի դերը և այլն։ Մոսկվայի հայկական դրամատիկական ստուդիայում ձեռք բերած իր գիտելիքները և փորձը ներդրել է Լենինականի թատրոնի վերելքի գործին։ Թատրոնում Աճեմյանի լավագույն բեմադրություններից են՝ Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ», Շիլլերի «Սեր և խարդավանք» Դ.Դեմիրճյանի «Երկիր հայրենի», Շեքսպիր «12-րդ գիշեր», Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհի», Ն.Զարյան «Արա Գեղեցիկ», Գորկու «Հատակում» և այլն։ Աճեմյանը թատրոնում աշխատել է մինչև 1938թ.։ 1992թ. Լենինականի Մռավյանի անվան թատրոնը վերանվանվել է Վարդան Աճեմյանի անունով։ 1970թ. թատրոնի գլխավոր բեմադրիչ է նշանակվել Երվանդ Ղազանչյանը, ում մուտքով համալրվել է թատրոնի ստեղծագործական կազմը։ Թատրոնում արդեն ստեղծագործում էին Արզո Արզումանյանը, Արտավազդ Փաշայանը, Ժաննա Թովմասյանը, Արուս Ազնաուրյանը, Նինա Բոխյանը և ուրիշները։ 1972թ. բացվել է թատրոնի նորակառույց շենքը։ Հանդիսավոր միջոցառմանը հաջորդել է Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» ներկայացումը։ Հետագայում իրար են հաջորդել Դոստոևսկու «Ոճիր և պատիժ», Բ.Բրեխտի «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները», Ա.Պուշկինի «Փոքրիկ ողբերգություններ» և այլ բեմադրություններ։ 1977թ. թատրոնի գլխավոր ռեժիսոր է նշանակվել Գրիգոր Մկրտչյանը, ում օրոք թատրոնում բեմադրվել են Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Հ.Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան», «Ալաֆրանկա», Գ.Սունդուկյանի «Խաթաբալա», Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», Գոգոլի «Ռևիզոր», Շիլլերի «Սեր և խարդավանք», Շեքսպիրի «Տիտոս Անդրոնիկոս» և այլ ներկայացումներ։ Թատրոնում այս շրջանում հանդես է եկել Մհեր Մկրտչյանը՝ «Խաթաբալա»-ում խաղալով Զամբախովի դերը։ 1985թ. թատրոնի գեղարվեստական ղեկավարի պարտականություններն է ստանձնել Խորեն Աբրահամյանը, ով թատրոն է բերել գեղարվեստական նոր ծրագրեր, որոնցում գերակշռող էին ազգային ժամանակակից դրամատուրգիական ստեղծագործությունները՝ Ա.Քալանթարյանի «Թիկունք», Պ.Զեյթունցյանի «Անավարտ մենախոսություն», Ջակոմետիի «Ոճրագործի ընտանիքը» և այլն։ Ստեղծագործական ընթացքի վերելքը խաթարել է 1988թ. աղետալի երկրաշարժը։ Այդ օրերին մեծ ու անուրանալի էր Խորեն Աբրահամյան ղեկավարի դերը թատրոնի դերասանների համար, ով նրանց հրավիրել է Երևան, այնուհետև նախաձեռնել հյուրախաղեր Մոլդովայում, Վրաստանում և ԱՄՆ-ում։ 1989թ. թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնել է երիտասարդ բեմադրիչ Հակոբ Ղազանչյանը։ Այդ տարիներին բեմադրվել են Վ.Շեքսպիրի «Սիրո ապարդյուն ճիգեր», Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար», Սոփոկլեսի «Անտիգոնե» և այլն։ 1994-98թթ թատրոնի ղեկավարման պաշտոնը ստանձնել է կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը։ Վերջինիս ղեկավարման տարիներին արված բեմադրություններն են՝ Կ.Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», Ա.Մկրտչյանի և Ռ.Քոչարյանի «Հավատք», Ա.Մկրտչյանի «Ավերված քաղաքի ակորդը» /որի հիման վրա հետագայում նկարահանվեց «Ուրախ ավտոբուս» գեղարվեստական ֆիլմը/։ 2004-14թթ թատրոնի գեղարվեստական ղեկավարությունն ստանձնել է բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը, ով բեմադրել է Ռ.Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա», Ա.Քալանթարյանի «Բումերանգ», Գ.Սունդուկյանի «Փուղի զորութինը» («Խաթաբալա» առաջին տարբերակի և «Բաղնիսի բոխչա» պիեսների համադրությամբ), Հ.Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», Վ.Կրասնագորովի «Սիրո Casting», Ս.Կոսյանի «Թռիչք» և այլն։ 2014թ. թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնին նշանակվել է երիտասարդ ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, ով թատրոն է բերել գեղարվեստական նոր սկզբունքներ։ Բեմադրվել է Մ.Վեբերի «Առնետները» պիեսը, Յ.Գրուշազի «Սեր, ջազ, սատանա» հոգեբանական դրաման և այլն։ Ստեղծագործական ծրագրերի մեջ կարևորվել է նաև պատմական ներկայացումների բեմ բարձրանալը. թատրոնի խաղացանկում տեղ է գտել Գ.Սարգսյանի «Մեսրոպ Մաշտոց» պատմական դրաման։ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում անդրադարձ է եղել Ա.Պետրոսյանի «Արշիլ Գորկի» հոգեբանական դրամային։ Հ.Հովհաննիսյանի լավագույն բեմադրություններից են դարձել նաև Վ.Այգեկցու «Խելոքներն ու հիմարները», Վ.Ստեփանյանի «Տերն ու ծառան»։ Ռեժիսոր Ասպրամ Բաղդասարյանի բեմադրությամբ թատրոնում բեմադրվել են Ա.Շիրվանզադեի «Չար ոգի», «Արտիստը», Զ.Խալափյանի «Տարբեր նվագներ» և այլ գործեր։ 2018թ. թատրոնը հանդիսատեսի դատին է հանձնել ԼՂ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված՝ Ա.Աղասարյանի «Հարսանիք թիկունքում» դրաման, իսկ 2019թ. հյուրախաղային ներկայացումով հանդես է եկել Լոս Անջելոսի «Լանթերման Աուդիտորիում» սրահում, ապա՝ Լիբանանում: Բեյրութում ներկայացել է նաև Գ.Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» և Վ.Կրասնագորովի «Սիրո Casting» ներկայացումներով։ 154-րդ թատերաշրջանի ընթացքում թատրոնը «Երկնագույն շան աչքերը» (ռեժ.՝ Ռաֆայել Ասատրյան) հյուրախաղային ներկայացումով հանդես է եկել նաև Սանկտ Պետերբուրգի «Բալթյան տուն» թատրոնում։ 2020թ. թատրոնը պատանի հանդիսատեսի համար առցանց հարթակում ցուցադրել է «Քո հեքիաթը» խորագիրը կրող երաժշտական հեքիաթ-ներկայացումների շարքը, որը բաղկացած էր թվով 20 հեքիաթներից։ 2021թ. Բ.Զաքարյանի «Քեյս» ներկայացումով թատրոնն ազդարարել է 155-րդ թատերաշրջանի բացումը։