Zark Foundation

Գորիսի Վ․Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն

Գորիսի Վ․Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն

Մշակութային կենտրոն

Սկզբնավորվել է 1888թ., թատերասերների ներկայացումներով։ 1920-ական թվականների սկզբին գործել է որպես ինքնագործ թատերախումբ։ Համալրվելով մասնագետ ուժերով՝ 1936թ-ից դարձել է պետական, 1944թ-ից կոչվել Վաղարշ Վաղարշյանի անունով, գործել մինչև 1960թ., 1985թ. վերաբացվել է։ Խաղացանկում եղել են հետևյալ ներկայացումները՝ Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ», Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար», Մուրացանի «Ռուզան», Ա.Շիրվանզադեի «Նամուս», Վ.Վաղարշյանի «Օղակում», Դ.Դեմիրճյանի «Երկիր հայրենի», Կ․Սիմոնովի «Ռուս մարդիկ», Վ.Շեքսպիրի «Օթելլո», Մոլիերի «Դոն Ժուան» և այլն։ Թատերախմբի կազմում աշխատել են ռեժիսորներ Ս․Մանուչարյանը, Ց․Սողոմոնյանը, Բ․Շաքարյանը, Ե․Ծատուրյանը, Բենիկ Բժիկյանը, Հ․Կարապետյանը, Ա․Թորոսյանը, արտիստներ Վ․Խուրշուդյանը, Մ․Ղազարյանը, Ս․Խորենյանը, Ռ․Մուսայելյանը, Վ․Առաքելյանը, Գ․Գևորգյանը, Զարեհ Տեր-Կարապետյանը, նկարիչներ Վ․Խշտոյանը, Գ․Պարոնյանը և ուրիշներ։ Թատրոնում պիեսներ են բեմադրել նաև Ամո Խարազյանը, Տիգրան Շամիրխանյանը, Գուրգեն Գաբրիելյանը, Վաղարշ Վաղարշյանը, ելույթներ ունեցել Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Դավիթ Մալյանը։ Վերաբացվելուց հետո (առաջին ներկայացումը Վ.Փափազյանի «Ժայռ», 1986թ.) բեմադրվել են Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», Վ.Շեքսպիրի «Սխալների կոմեդիա» և այլ ներկայացումներ: 1987թ. թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել Երվանդ Մանարյանը: Այդ տարիներին թատրոնում խաղացել են դերասաններ ՀՀ ժողովրդական արտիստ Մ․Ղազարյանը, Գ․Սարգսյանը, Հ․Գյուրջյանը, Մ․Պետրոսյանը, Ա․Ասատրյանը, Գ․Կոտկյանը, Ս․Սայունցը և ուրիշներ։ Թատրոնի դերասանների ուժերով Քաղաքային տանը կից 1986թ-ից տրվել են տիկնիկային ներկայացումներ։