Zark Foundation

Գուսան Անսամբլ

Գուսան Անսամբլ

Ժողովրդական համույթ

Ստեղծվել է 1983թ. կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանի նախաձեռնությամբ: Պահպանելով ժառանգություն ստացած հայկական երգարվեստի թանկագին գոհարները, անսամբլը նորովի մոտեցմամբ հարստացրել է ստեղծագործությունների մատուցումը` միաձայն (ունիսոն) նվագակցությունը և ձայնակցությունը վերափոխելով բազմաձայնի և հետաքրքրություն առաջացրել երիտասարդ երաժիշտների շրջանում: Անսամբլի գեղարվեստական ղեկավարներն են եղել կոմպոզիտորներ Ռուբեն Ալթունյանը, Գևորգ Մանասյանը, դիրիժոր-խմբավար Գրիգոր Սանդալջյանը: Աշուղական երգերից զատ անսամբլը ներկայանում է նաև կոմպոզիտորական, ռազմահայրենասիրական և ժողովրդական երգերով: Առաջինն էր, որ դիմել է հայկական ծիսական արվեստին բեմադրելով հայկական ավանդական ծես-հանդես` պահպանելով ազգային բոլոր ավանդույթները, սկսած ժողովրդական սովորույթներից, եկեղեցական պսակադրության արարողակարգից մինչև խնջույքի տեսարանը: Գաղափարի իրականացման հարցում մեծ դերակատարում է ունեցել ազգագրագետ Արուսյակ Սահակյանը: Անսամբլը հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Լիբանանում, Գերմանիայում, Չինաստանում, Սիրիայում, Հունաստանում, ԱՄԷ-ում, Իրաքում, Ֆրանսիայում, Ռուսաստանի բազմաթիվ խոշոր քաղաքներում, Վրաստանում: Հայ-արաբական մշակութային կապերի հաստատման նպատակով Հայաստանից մեկնած կառավարական պատվիրակության կազմով անսամբլը 2000թ. մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ և առաջինը հայ ազգային երգարվեստը ներկայացրել օտար հանդիսատեսին: Շրջագայել է նաև Հայաստանի բոլոր մարզերով, եղել է Լեռնային Ղարաբաղում, Ջավախքում, արժանացել է քաղաքապետարանների և մարզկենտրոնների շնորհակալագրերի: Մասնակցել է Ջավախքում կազմակերպված «Տերյանական օրեր» ամենամյա միջոցառմանը, աշուղներ Հավասուն և Ջիվանուն նվիրված համերգ-միջոցառումներին, բանաստեղծ Օքրո Օքրոյանին նվիրված միջոցառումներին: Պարբերաբար մասնակցել է հայկական տարբեր հեռուստաալիքներով հեռարձակվող ժողովրդական նախագծերին: Հայկական ռադիոյի ոսկե ֆոնդում պահպանվում են անսամբլի բազմաթիվ ձայնագրություններ: Միջազգային մրցույթ-փառատոներում արժանացել է պատվոգրերի: Դափնեկրի կոչման է արժանացել 2005թ. Իրաքում անցկացված ազգային արվեստի միջազգային մրցույթում, Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպված Սայաթ-Նովային նվիրված միջազգային մրցույթին: ՀՀ մշակույթի նախարարության կողմից կազմակերպված «Եղեգան փող» փառատոնին ակտիվ մասնակցության համար արժանացել է դիպլոմի և շնորհակալագրի: Գործունեության 40 տարիների ընթացքում անսամբլն աչքի է ընկել կատարողական բարձր մակարդակով, երկացանկի բազմազանությամբ: 1987թ. անսամբլը ճանաչվել է Հայաստանի «Լավագույն կոլեկտիվ»: Անսամբլի ծրագրում տեղ են գտել ժողովրդական երգերի և պարերի շարաններ, ռազմահայրենասիրական երգեր, կատակ զուգերգեր, ժամանակակից երիտասարդ երաժիշտների ստեղծագործություններ: Սայաթ-Նովայի ծննդյան 300-ամյակին անսամբլը երկու բաժնով ներկայացրել է հեղինակի ստեղծագործությունները: 2008թ. անսամբլն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: 2023թ. անսամբլը ներառվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի կազմում, որը ղեկավարում է պրոդյուսեր Արմեն Սարգսյանը: Նույն թվականից անսամբլը կոչվում է «Գուսան»: Անսամբլի երաժշտական ղեկավարն է պրոֆեսոր Հրաչիկ Նազարյանը: