Zark Foundation

Աշխույժ

Աշխույժ

Աշուղ

24 հոկտեմբեր, 1884 - 1 նոյեմբեր, 1961

Խաչատուր Գրիգորյան
Ծնվել է Հայաստանի Ղազնաֆար գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզի Արագած գյուղ): 4 տարեկան հասակում հիվանդացել է «ծաղիկ» հիվանդությամբ և զրկվել տեսողությունից: Հայրը` Սուքիասը, գյուղի երգասացն էր և իր որդու առաջին ուսուցիչը: 14 տարեկանից հոր հետ շրջել է գյուղից-գյուղ, որը հետագայում առատ նյութ է տվել աշուղին: 1900-ական թվականների սկզբին ընտանիքի հետ հաստատվել է Արմավիր քաղաքում: Հանգամանքների բերումով երկար ժամանակ գտնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), որտեղ մտերմացել է աշուղ Ջիվանու հետ, ումից շատ բան է սովորել: 1907թ. հանդես գալով Ալեքսանդրապոլի սրճարաններից մեկում` իր երգերից մեկում որոշակիորեն արտահայտելով հակացարական տրամադրություններ, ձերբակալվել է: Ազատվելով կալանքից, երիտասարդ գուսանը շարունակել է շրջագայությունը: 1908թ., Էջմիածնում եղած ժամանակ, առիթ է ունեցել մոտիկից շփվելու Գևորգյան ճեմարանի ուսուցիչների հետ, որոնցից մեկը` Գարեգին Լևոնյանը (Ջիվանու որդին), նկատելով երիտասարդ գուսանի կենսուրախ և առույգ բնավորությունը, նրան տալիս է Աշխույժ անունը: Հեղինակել է ավելի քան 2000 երգ, բազմաթիվ հեքիաթ-սիրավեպեր, դաստաններ: Երգերից են՝ «Մեր նոր աշխարհ», «Ջան հայրենիք», «Նոր Երևան», «Դաշտերի հերոսուհին» և այլն: Հրատարակվել են նրա «Աշուղ Աշխույժի քնարը», «Ժողովրդի ընտրյալները», «Աշուղական» (1947թ.), «Քնար» (1955թ.), «Աղբյուր» (1958թ.) ժողովածուները: 1939թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Նվագել է ջութակ: Նրա հեղինակած հայտնի երգերից են` «Սուրմալու», «Արի մեկ տեսնեմ» և այլն: Մահացել է ՀՀ Արմավիր քաղաքում: