Zark Foundation

Հավասի

Հավասի

Աշուղ

6 հունվար, 1896 - 24 փետրվար, 1978

Արմենակ Մարկոսյան
Ծնվել է Վրաստանի Այազմա գյուղում: Երեք տարեկան հասակում «ծաղիկ» հիվանդությունից զրկվել է տեսողությունից: Երգել սկսել է մանուկ հասակից: Նրա առաջին ուսուցիչը եղել է աշուղ Դովրանին: Աշակերտել է նաև նշանավոր աշուղ Թիֆիլիին` Եղո Մանուկյանին, ով նրան տվել է «Հավասի» մականունը, որը նշանակում է ցանկություն, որն էլ դարձել է նրա աշուղական անունը: Ստեղծագործական կյանքն սկսել է 1914-ից, Ախալքալաքում: 1946թ-ից բնակվել է Երևանում: Բրայլյան համակարգով գրել և կարդալ սովորել է Երևանի կույրերի միավորման վարչությունում: Մասնակցել է մի շարք աշուղական մրցույթների և մրցանակներ շահել: Իր երկերի կատարումով հանդես է եկել նաև Վրսատանում, Ադրբեջանում ու Մոսկվայում: Եղել է ժամանակի աշուղական արվեստի դասական ներկայացուցիչներից: Նրա սիրային-քնարական, բարոյախոսական, վիպական և հայրենասիրական թեմաներով ստեղծագործությանը (մոտ 3600 աշուղական բանաստեղծություն, մոտ 2000 քառյակ, շուրջ 150 եղանակավոր երգ, երգախառն հեքիաթներ) հատուկ են լավատեսական ոգին ու ոգեշնչվածությունը: Կիրառել է աշուղական դասական տաղաչափության ավելի քան 40 ձևեր, տարբերակել դրանք, օգտագործել նաև հայ ժողովրդական բանաստեղծության չափեր ու ձևեր: Աշուղի եղանակները ելևէջային հատկանիշներով բխում են գյուղական երգից, ցայտուն ազգային են: Մեղեդիական հնարամտությունը, հուզական ջերմությունը, ռիթմի և կառուցվածքների թարմությունը և ընդհանուր արտահայտչականությունը բնորոշ են նրա լավագույն երգերի եղանակներին՝ «Կոլխոզի չոբան», «Ինչ ասեմ յարիս», «Զուր կերթաս», «Եղնիկի պես», «Ինչո՞ւ սիրեցիր», «Հյուսիսային արև» հեքիաթի երգերը և այլն: Դրանցից մի քանիսը կոմպոզիտորները մշակել են ձայնի և դաշնամուրի, երգչախմբի, վոկալ կվարտետի և ժողովրդական երգի ու պարի անսամբլի համար: Նրա արվեստը նշանակալից էր իր բազմակողմանի ընդգրկումով: Ճանաչված է եղել նաև որպես ժողովրդական բանաստեղծ ու երգահան, երգիչ, նվագող (թառ, սազ) և ասմունքող: Հրատարակվել է նրա ստեղծագործության փոքրագույն մասը՝ «Բուրմունք» (1950թ.), «Երգեր» (1958թ.), «Իմ քնարը» (նոտագրված, 1961թ.), «Քառյակներ» (1966թ.), «Հասմիկ» (1975թ.): 1967թ-ից եղել է Հայաստանի գրողների և կոմպոզիտորների միությունների անդամ: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: 2010թ. Ախալքալակում կանգնեցվել է նրա հուշարձանը: