Ծնվել է ՀՀ Դուրդբուլաղ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Կրասար գյուղ): Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1941-45թթ): Եղել է Հայկական ժողովրդական երգի ու պարի անսամբլի մեներգիչ: 1945թ-ից ղեկավարել է «Շահենի քնարը», «Երևան», «Շիրակ» անսամբլները: Հեղինակել է ավելի քան 500 քնարական երգ, «Էլինար» պոեմը, «Հերիքնազ» երաժշտական պատկերը, «Սառա» սիրավեպ-երգաշարը և «Սասնա Դավթի ու Մսրա Մելիքի մենամարտը» դյուցազներգությունը: Իր ստեղծագործության մեջ հիմնվել է ծննդավայրի, ինչպես նաև Շիրակի ժողովրդական երգարվեստի հարուստ ավանդույթների վրա: Նրա մեղեդիներին բնորոշ է ասերգային, լայնաշունչ երգային և պարային տարրերի զուգորդումը: ժողովրդականություն են վայելում «Սասնա ծուռ», «Ալմաստը շողում է», «Սիբիրյան գյոզալ», «Խռոված էր», «Թուխ մազերուդ», «Անծանոթ սեր», «Նաիրյան դալար բարդի», «Անցա գնացի», «Կոմիտաս» և այլ երգեր: 1939թ. և 1956թ. մասնակցել է Մոսկվայում Հայ արվեստի և գրականության տասնօրյակներին: 1939թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: