Zark Foundation

Շերամ

Շերամ

Աշուղ

20 մարտ, 1857 - 3 հուլիս, 1938

Գրիգոր Տալյան
Ծնվել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Եղել է ժամանակի աշուղական երգարվեստի սկզբնավորողը, Աշուղ Քյամալիի թոռը: Տասը տարեկանում զրկվել է հորից, եղել է ատաղձագործի, մանրավաճառի, այնուհետև՝ հյուսնի աշակերտ, պատրաստել իր առաջին սազը, թառը և ինքնուրույն նվազել սովորել: 12-13 տարեկանից երգեր է հորինել: Հայտնի քյամանչահար Չունգուր Հագոյի (Մանուկյան Հակոբ) եռյակի կազմում շրջագայել է Երևան, Թիֆլիս, Բաքու, Աստրախան, Շուշի, Կարս և այլ հայաբնակ վայրեր: Ունեցել է նաև իր խումբը: Առաջին՝ «Պարտիզում վարդեր բացված» երգը լույս է տեսել Ա.Մխիթարյանցի կազմած ու խմբագրած «Տաղեր ու խաղեր» (1900թ.) ժողովածուում: 1902թ. տպագրվել է «Երգիչ Գրիգոր Տալյանի քնարը»: 1905թ. հրատարակված «Գանգատի շանթեր» գրքույկն ամփոփում է նրա հայրենասիրական և ազգային երգերը («Անդրանիկին», «Փութանք առաջ» և այլն): 1905թ. իր խմբով այցելել է Էջմիածին: Այստեղ նրան լսել է Կոմիտասը և նոտագրել նրա «Ալ ու ալվան ես հագել» երգը: 1914թ., Բաքվում բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը նրան, որպես «մետաքսի նման» նրբին երգեր հորինողի, անվանել է Շերամ: 1915թ. լույս է տեսել աշուղի «Անզուսպ արշավ» ժողովածուն, որտեղ տպագրված են «Անեծք Վիլհելմին», «Անդրանիկի կոչը», «Լինենք եղբայրներ» և այլ երգեր: 1915-35թթ բնակվել է Թիֆլիսում: Այս շրջանի լավագույն գործերից են՝ «Սարեր կաղաչեմ», «Նա մի նազ ունի», «Քեզանից մաս չունիմ», «Էլի երկինս ամպել է»: Սիրային-քնարական երգերից առավել ժողովրդականություն են վայելում «Պարտիզում վարդեր բացված», «Սիրուններ», «Շորորա», «Դու իմ մուսան ես», «Աննման փերի», «Թառը դոշիս» և այլ երգեր: 1935թ. տեղափոխվել է Երևան: Որպես սաեղծագործող ձևավորվել է ժամանակի հայկական աշուղական երգարվեստի վերելք ապրող միջավայրում, որի հարուստ ավանդույթներն ընկալելով, հրաժարվել է բանաստեղծական բարդ ձևերից ու չափերից, նախընտրելով պարզն ու թեթևը՝ ինչը մոտիկ է բուն ժողովրդական մտածելակերպին ու տաղաչափությանը: Որպես երգահան առավել համարձակորեն, քան իր նախորդներն ու ժամանակակիցները, դիմել է հայկական բուն ժողովրդական թե գեղջկական և թե քաղաքային երգարվեստի ակունքներին, զարգացնելով քնարական եղանակավոր երգայնությունը, եղանակների գունեղությունն ու հուզականությունը: 1959թ. նրա երգերի մեղեդիները նոտագրված և հրատարակված են «Երգեր» գրքում: Մահացել է Երևանում: