
Արձակագիր, բանաստեղծ
1 օգոստոս, 1903 - 16 հուլիս, 1969
Գուրգեն Աճեմյան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Եղել է արձակագիր Անտոնիան Մահարու ամուսինը: Նախնական կրթությունն ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» վարժարաններում: 1915թ. հայկական կոտորածների ժամանակ, գաղթի ճանապարհին մահացել է տատը, որից հետո կորցրել է նաև հարազատներին և այլ փախստականների հետ փախել է Արևելյան Հայաստան։ Ապաստանել է Դիլիջանի ու Երևանի որբանոցներում: Այդ տարիներին ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ և նրանք դարձել են մտերիմ ընկերներ: Սովորել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետում: Մի քանի տարի անց գտել է իր կորած մորն ու մյուս հարազատներին: Հետագայում այս ամենի մասին պատմել է իր «Մանկություն» վիպակում։ 1918թ-ից բանաստեղծություններ է տպագրել «Աշխատանք», «Վան-Տոսպ» և այլ թերթերում: 1922թ. տպագրվել է գրողի առաջին «Արտեմետյան գիշերներ» բանաստեղծությունների շարքը: Նրա որոնումների շրջանին են վերաբերում «Տիտանիկ» (1924թ.), «Երկու պոեմ» (1926թ.), «Բարդիներ» (1927թ.) և այլ գրքույկներ: Գրողին գրական ճանաչում է բերել «Մրգահաս» (1933թ.) ժողովածուն, որտեղ բանաստեղծություններից բացի, զետեղված էին նաև բալլադներ ու պոեմներ՝ հայրենիքի, սիրո, ազգային արժեքների, բնության ու ժողովրդի մասին։ Ժողովածուն սկսվում է «Ձոն՝ Եղիշե Չարենցին» ներածությամբ: Հեղափոխական անցյալին, նրա անվանի և անանուն հերոսներին են նվիրված «Կարմիր ձիավորի մահը» (1927թ., փոխադրություն), «Բալլադ մի ռուս զինվորի մասին», «Բալլադ Բաքվի և քսանվեցի մասին», «Արնախեղդ վարդեր» (1929թ.), «Վերջին մայիսը» (1929-30թթ) բալլադները։ Արձակ սկսել է գրել 1920-ական թվականների վերջերից։ 1929թ. լույս է տեսել նրա «Սիրո, խանդի ու Նիցցայի պարտիզանների մասին» պատմվածքների ժողովածուն, որտեղ իշխող մոտիվը հին ու նոր հոգեբանությունների բախումն է՝ բեկված սիրո, ընտանիքի, մարդկային փոխհարաբերությունների մեջ։ «Զիգզագներում» (1931թ.) ժողովածուն շարունակում է նախորդ գրքում սկսած զրույցը նոր մարդու կերպարի և նոր հարաբերությունների շուրջը։ 1930թ. հրատարակել է իր կենսագրական եռերգության առաջին երկու գրքերը, իսկ 1956թ.՝ երրորդ գիրքը։ Գրողը կենդանի պատկերներով ու կերպարներով ներկայացնում է Հայաստանը իր պատմության ճակատագրական ժամանակաշրջանում՝ առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին («Մանկություն»), պատերազմի, հայկական կոտորածների ու բռնագաղթի տարիներին («Պատանեկություն») և, վերջապես, հեղափոխության օրերին («Երիտասարդության սեմին»)։ Պատմական այս ֆոնի վրա արված է հայ մանուկի, դեռահասի, ապա՝ պատանու կյանքը, որը միահյուսվում է հայրենիքի ու ժողովրդի ճակատագրի հետ։ Նրա գրական գործունեությունն ընդհատվել է 1936թ. օգոստոսին, երբ անհիմն մեղադրանքով ստալինյան ռեպրեսիայի արդյունքում դատապարտվել է 11 տարվա բանտարկության և հայտնվել հեռավոր Սիբիրի կալանավայրերում։ Առաջին բանտային աքսորից վերադարձել է 1947թ., երբ արդեն մահացել էր նրա մայրը, իսկ կինը հրաժարվել էր նրանից։ Իր իսկ խոսքերով ասած՝ նա հայտնվել էր հարազատ Երևանում, որն արդեն օտար էր իրեն։ Բանտային աքսորից վերադառնալուց ուղիղ 444 օր հետո՝ 1949թ., գրողը որպես անբարեհույս տարր, կրկին աքսորվել է Սիբիր, բայց այս անգամ որպես ազատ աքսորյալ, ոչ որպես կալանավոր։ Ի տարբերություն նախորդ բանտային աքսորի` այս անգամ նրան թույլատրվել է կարդալ և գրել։ Երկրորդ աքսորի ժամանակ աշխատել է որպես խոզապահ։ Միաժամանակ գրել է իր «Երիտասարդության սեմին» վիպակը։ Այս աքսորի ժամանակ էլ ծանոթացել է իր երկրորդ կնոջ՝ լիտվուհի Անտոնինա Պովիլայտիտեյի հետ։ Աքսորավայրում 1952թ. նրանք ամուսնացել են։ 1954թ. կնոջ և ուրիշ հայ գրողների (Վահրամ Ալազան, Վաղարշակ Նորենց) հետ միասին արդարացվել է և վերադարձել Երևան: Գրել «Ծաղկած փշալարեր» վիպակ-հուշագրությունը (հրատարակվել է 1986թ. Բեյրութում, այնուհետև՝ 1988թ. Երևանում), որն աքսորի տարիների մասին է: 1950-ական թվականների ստեղծագործությունն ստացել է նոր թափ։ Լույս են տեսել «Հնձաններ» (1959թ.) բանաստեղծությունների, «Լռության ձայնը» (1962թ.) պատմվածքների ժողովածուները և «Այրվող այգեստաններ» (1966թ.) վեպը։ Վավերագրական հարուստ նյութի հիման վրա վեպում պատկերված է հայ ժողովրդի արևմտյան հատվածներից մեկի՝ Վանի հայության իրավիճակը առաջին համաշխարհային պատերազմին նախորդող տարիներին և տեղահանության ու գաղթի ժամանակաշրջանում։ Գրել է նաև «Վիլյամ Սարոյանի հետ» (1960թ.), «Արծիվ Նաիրի» (1960թ.), «Վարդան Աճեմյանի հետ» (1966թ.), «Չարենց Նամե» (1968թ.), «Այս հմուտ, հանճարեղ լոռեցին» (1971թ.), «Ակսելյան քանդակներ» դիմանկարային-հուշագրական գրքերը, «Մարդը՝ մարդուն...», Կոմիտասին նվիրված «Երգ մահու և անմահության» թատերգությունները։ Գրողի լեզուն հարուստ է, պատկերավոր, ոճը՝ ինքնատիպ, որին ներհատուկ են ողբերգականի ու երգիծականի միահյուսումը, ջերմ քնարականությունն ու մեղմ հումորը։ Նրա գործերը թարգմանվել են մի շարք լեզուներով։ 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1965թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Լիտվայի Պալանգա քաղաքում, թաղված է Երևանում: