Zark Foundation

Գուրգեն Մելիքյան

Գուրգեն Մելիքյան

Լեզվաբան, արևելագետ, պետական գործիչ

Ծնվել է 1936թ. դեկտեմբերի 14-ին, Իրանի Աբադան քաղաքում: Ավարտել է Թեհրանի «Քուշեշ-Դավթյան» և Աբադանի «Ադաբ» հայկական դպրոցները: 1958թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի արևելյան լեզուների և գրականության բաժինը, որն ավարտել է 1962թ. և աշխատանքի անցել նույն բաժնում: 1984թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: 1985թ. նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում: 1992թ. նշանակվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան: 2008թ. նրան շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում: Հեղինակել է երեք տասնյակ գիտական հրապարակումներ, երեք մենագրություն և երկու դասագիրք: Զբաղվել է պարսից լեզվի թարգմանական, ինչպես նաև պարսկերենի հարադիր բառակապակցությունների, բառաքերականական, բարդ բառերի, իրանական բարբառների հետ կապված հիմնահարցերի ուսումնասիրությամբ: 1988-94թթ գործուն մասնակցություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժմանը: ԼՂ է ուղարկել կապի միջոցներ, մարդասիրական օգնություն, մասնակցել է Մաճկալաշենի կամավորական ջոկատի կազմավորման, զինելու և հանդերձավորելու աշխատանքներին: 1991-94թթ եղել է հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ: Ղարաբաղյան պատերազմի ընթացքում եղել է Ազատագրական բանակի հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ (1993-99թթ): 1995թ. Քաշաթաղի շրջանի վարչակազմը հիմնադրել է «Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների Գուրգեն Մելիքյան» հիմնադրամը, որի շրջանակներում իրականացվել են հայրենասիրական-բարեգործական բազմաբնույթ միջոցառումներ: Եղել է «Ամարաս» բարեգործական կազմակերպության վարչության անդամ, Լեռնային Ղարաբաղում «Արփեն» մոր և մանկան բժշկական կենտրոնի գործադիր տնօրենը, 1992թ-ից՝ ԼՂ հոգևոր թեմի ատենապետը: 1996թ. ստացել է ԼՂ Պաշտպանության բանակի գնդապետի կոչում: 1965թ. արժանացել է Խոպան հողերի յուրացման համար, 1999թ.՝ Մարտական Խաչ 2-րդ աստիճանի շքանշանի և ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2012թ.՝ Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման, 2021թ.՝ ԵՊՀ Պատվո շքանշանի: