Աշակերտել է Արճեշի վանքի վարդապետ Գրիգոր Րաբունուն։ Երկրի անհանգիստ վիճակը նրան ստիպել է ապաստանել Արճեշ, Մեծոփ, Վարագ, Ուռնկար վանքերում, որտեղ և գրել է տաղեր, գանձեր, ընդօրինակել ու ծաղկել ձեռագրեր։ 1512-44թթ եղել է Աղթամարի կաթողիկոսը: Տաղերի մեծ մասը գրել է երիաասարդ տարիներին (1515-24թթ)։ Վաղ շրջանի ստեղծագործություններն արտահայտում են միջնադարյան մարդու մտածողությանը բնորոշ գաղափարներ ու զգացումներ՝ մեղսականություն, վարքագրական հերոսների մեծարում, անձնական-քնարական պոռթկումներ և այլն։ Հետագայում միևնույն զգացումներն ստանում են բանաստեղծական նոր որակ՝ ուղղակի պատկերների խորքում թաքնված ենթիմաստ, որն ընդլայնում է թեմայի ընկալման սահմանները։ Արտաքուստ սիրային թվացող «Գովեմ զքեզ մարմնով հրեշտակ», «Դու ես յԱդինայ դրախտէն», «Արեգակնափայլ գեղով լի լուսին» և այլ տաղերում օգտագործված պատկերները, բնութագրումները, զուգորդությունները դադարում են սոսկ կնոջ նկատմամբ տածած սիրո, արտահայտություն լինելուց, դրանք մարդուն ձոնված ներբողական դրսևորումներ են՝ ոճավորմամբ սկիզբ առած գանձագրական կամ շարականային ակունքներից։ Սակայն դարաշրջանի սիրային տաղերգության ծաղկման պայմաններում այդ տաղերն ընկալվել են իբրև սիրո երգեր և լայն տարածում գտել ձեռագիր ժողովածուներում։ Նրա ստեղծագործություններին հատուկ է կանոնական գրքերից եկող և միջնադարում սիրված այլաբանությունը։ Նրա տաղերից մի քանիսը («Ծաղկունքն ասեն՝ հերիք արա», «Ահա այգիք մեր ծաղկեցան», «Յետ գնալոյ վարդին») գարնան, վարդ ու սոխակի պատկերի տակ այլաբանել են տարաբնույթ գաղափարներ՝ տերունական տոներ կամ ըմբռնումներ, հայրենի երկրի վիճակը, հայրենիքից հեռու գտնվող մարդու ողբն ու կսկիծը։ Սակայն հետագայում տաղն ընկալվել է իր թեմատիկ հստակությամբ՝ իբրև գարնան գովեստ, սիրային մորմոք կամ կարոտ։ Այդ առումով բնորոշ է «ՅամԷն առաւօտ և լոյս» ժողովրդականացած տաղը։ Բանաստեղծի ստեղծագործությանը հատուկ է բազմաձայնությունը, ոչ թե մեկ թեմա, այլ հույզերի ու թեմաների մի խաչաձև միահյուսում, որ զորեղացնում է զգացածը և ներգործությունը։ Նրա ստեղծագործության ինքնատիպությունը թելադրել է բանաստեղծական ձնի բազմազանություն։ Օգտագործելով անցյալի ժառանգությունը, նա հարստացրել է այն լեզվի, կառուցվածքի, արտահայտչամիջոցների նոր հնարանքներով՝ չափի, ռիթմի, կրկնակների բազմերանգությամբ, արվեստագետի խորաթափանցությամբ արձագանքելով ժամանակի գրականության ժողովրդական ոգուն։ Նրա անվան հետ են կապվում նաև «Աղեքսանդրի վարք» ու «Պղնձե քաղաքի պատմություն» կաֆաների շարքեր ու նկարազարդումներ։