Zark Foundation

Գրիգոր Ավետյան

Գրիգոր Ավետյան

Դերասան

8 հունվար, 1870 - 15 մայիս, 1946

Ծնվել է Իրանի Ռեշտ քաղաքում: Սովորել է Բաքվի ռեալական ուսումնարանում։ 1888թ-ից սկսել է թատերական գործունեությունը: Եղել է Հովհաննես Աբելյանի և Սիրանույշի խաղընկերը: 1889թ. եղել է Մոսկվայում, ուր դիտել է նշանավոր դերասանների խաղը: 1890թ. վերադարձել է Կովկաս և մինչև 1923թ. հանդես եկել Բաքվում, Թիֆլիսում, Մոսկվայում, Բսւթումում. Թեհրանում, Երևանում, Ղարսում, Կ.Պոլսում, Զմյուռնիայում, Միջին Ասիայի, Բուլղարիայի, Ռումինիայի քաղաքներում և այլուր: 1924թ-ից խաղացել է Երևանի Առաջին պետթատրոնում (հետագայում` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն): Կերտել է թատերական շուրջ 800 դեր, հիմնականում` կատակերգական: Նրա դերասանական արվեստն աչքի է ընկել կյանքի ճանաչողությամբ, սոցիալական տարբեր խավերի, տիպերի ու կենցաղի իմացությամբ, կատակերգական արվեստը առանձին ուժ ու փայլ է ստացել այն դերերում, ուր երգիծանքը միախառնվում է դրամատիկական գույներին և ապրումներին: Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնում կատարել է մոտ 60 դեր: Եղել է թատերախմբերի ղեկավար և կազմակերպիչ, ռեժիսոր-դերուսույց, բազմաթիվ պիեսների թարգմանիչ: Խաղացած նրկայացումներից են` Գ.Սունդուկյանի «Պեպո» (Գիքո), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Սաղաթել), «Նամուս» (Ծիպլիծտուր), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Մանուկ աղա), Մ.Գորկու «Հատակում» (Լուկա), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Բոբչինսկի), Ա.Կորնեյչուկի «Պլատոն Կրեչետ» (Բուբլիկ), Կ.Տրենյովի «Լուբով Յարովայա» (Գորնոստաև), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Պոլոնիուս), Պ.Բոմարշեի «Սևիլյան սափրիչ» (Ֆիգարո), Մոլիերի «Դոն Ժուան» (Սգանարել), Դ.Շչեգլովի «Բուք» (Ուլեյգա), Դ.Դեմիրճյանի «Նապոլեոն Կորկոտյան» (Վուվունիկյան) և այլն: Զբաղվել է նաև ռեժիսուրայով: Գրել է «45 տարի հայկական բեմում» (1933թ.) հուշագրությունը: 1923թ-ից խաղացել է նաև հայկական ֆիլմերում` «Լեռնային արշավ», «Շորն ու Շորշորը», «Քրդեր և եզդիներ», «Պեպո», «Զանգեզուր», «Դավիթ Բեկ», «Լեռնային արշավ» և այլն: 1935թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: