Ծնվել է Թիֆլիսում: Նախնական կրթությունն ստացել է տեղի դպրոցում: Վաղ հասակից ընտանիքի հետ տեղափոխվել է Պետերբուրգ: 1880թ. ավարտել է տեղի վեցերորդ գիմնազիան: 1881-84թթ ազատ ունկնդիր է եղել Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում: 1885թ. ակադեմիայի կողմից գործուղվել է Վրաստան և Հայաստան: 1888թ. հիշյալ ակադեմիայի ռազմանկարի դասարանում կատարած ձիու էտյուդի համար նրան շնորհվել է երկրորդ կարգի արծաթե մեդալ։ Ստեղծել է հայկական կյանքին նվիրված պատկերներ, սակայն այդ կտավների գտնվելու վայրը անհայտ է: Հետագայում Ծննդավայրում կարճ ժամանակ ստեղծագործելուց հետո մեկնել է Պետերբուրգ՝ ուսումը շարունակելու: 1889թ. սովորել է մոդելի դասարանում, սակայն հիվանդության պատճառով ընդհատել է ուսումը: 1893թ. նրան թույլ է տրվել մասնակցելու ակադեմիական ցուցահանդեսին՝ նկարչի կոչում ստանալու համար: Ցուցահանդեսին ներկայացրել է «Իջևան Կովկասում» և «Կազակային պահակակետ» էտյուդները: Դրանց հիման վրա արժանացել է «ոչ դասական նկարչի» կոչման: 1893թ. մեկնել է Վարշավա, ուր նաև զբաղվել է մանկավարժությամբ: Հետևել է ռուս պերեդվիժնիկ նկարիչների ռեալիստական մեթոդին: Ստեղծել է ժանրային բնույթի ռեալիստական նկարներ և էտյուդներ: Գործերից են` «Վար Արագածի ստորոտին», «Աղոթող հայ գյուղացին», «Օրորոցի մոտ», «Փաթթոցով ծերունու դիմանկարը» (Հայաստանի ազգային պատկերասրահ): Մահացել է Վարշավայում: