Zark Foundation

Գրիգոր Գապասաքալյան

Գրիգոր Գապասաքալյան

Բանաստեղծ, երաժիշտ, խազագետ

23 մայիս, 1740 - 16 հոկտեմբեր, 1808

Ծնվել է Կեսարիայում (այժմ՝ Մաժաք, Թուրքիայում): Սովորել է Կեսարիայի Սբ. Կարապետ վանքի ժառանգավորաց դպրոցում, ստացել դպրության աստիճան։ Անցնելով Կ.Պոլիս` ուսումը շարունակել է Մայր Դպրանոցում։ Հեղինակել է երաժշտագիտական չորս աշխատություն։ Դրանցից իր կենդանության օրոք հրատարակվել են առաջինը («Գրքոյկ որ կոչի նուագարան», Կ.Պոլիս, 1794թ.) և երրորդը («Գիրք երաժշտական», Կ.Պոլիս, 1803թ.)։ Երկրորդ աշխատությունը («Համառօտութիւն երաժշտականի գիտութեան») լույս է տեսել 1973թ. Երևանում, իսկ չորրորդը, որ ըստ տվյալների եղել է ամենածավալունը, կորել է առաջին աշխարհամարտի օրերին, Կեսարիո Սբ. Դանիել վանքի մատենադարանի հայկական 85 ձեռագրերի հետ։ Քաջատեղյակ ազգային (այլև հունական ու արևելյան) երաժշտարվեստի ինչպես միջնադարյան ավանդույթներին, այնպես էլ զարգացման ժամանակակից խնդիրներին, իր երկասիրություններում խոսել է երաժշտական արվեստի ծագման, նրա ներգործության ուժի և աշխարհիկ ու եկեղեցական ստորաբաժանումների մասին, շոշափել է ձայների տեսակների, ձայնեղանակների առաջացման ու նվագարանների ստեղծման խնդիրները և անդրադարձել հայ երաժշտության ձայնեղանակների, չափի ու կշռույթի, տաղաչափության և խազագրության հարցերին։ Փորձել է դուրս բերել խազագրության արվեստը ճգնաժամային վիճակից և նույնիսկ ստեղծել է խազագրերի մի նոր, ավելի ճշգրիտ համակարգ, շաղախված հայկական, ուշ բյուգանդական և ընդհանուր արևելյան տարրերով։ Սկիզբ է դրել հայ արդի խազաբանական գիտությանը։ Նրա երաժշտագիտական աշխատություններն ունեն նաև երգարանային բաժիններ կամ հավելվածներ, ուր տեղ են գտել հայտնի կամ տարածված որևէ եղանակի հետ զուգորդվելու ենթակա ավանդական տաղեր ու իր հորինած բանաստեղծությունները։ Որպես ինքնուրույն երգարաններ հրատարակել է «Գիրք երաժշտականին» կից` «Նուագարան երաժշտական»-ը և առանձին` «Գրքոյկս կոչեցեալ երգարան» հատորը (Կ.Պոլիս, 1803թ.)։ Մահացել է Կոստանդնուպոլիսում: