Գրիգոր քահանա Այրիվանեցի
Եղել է գիտնական, հոգևոր երաժշտության երգիչ-կատարող, երաժիշտ-ստեղծագործող: Աշխատակցել է Ստեփանոս Սյունեցի երկրորդին։ Երկուսով, գիտական նպատակնևրով, մեկնել են Աթենք, ուսումնասիրել Աստվածաշունչը և նրա մեկնությունները, ծանոթացել փիլիսոփայության հին ու նոր ուսմունքներին։ Կոստանդնուպոլսում շփվել են ժամանակի բյուզանդացի հայտնի բանաստեղծ-երաժիշտների (այդ թվում' Գերմանոս պատրիարքի) հետ, հունարենից թարգմանել Դիոնիսիոս Արիոպագացու, Նեմեսիոսի, Գրիգոր Նյուսացու և այլոց աշխատությունները։ Վերադարձից հետո որպես միաբան հաստատվել է Այրիվանքում, ծավալել երաժշտա-կատարողական և ստեղծագործական բեղուն գործունեություն։ Եղանակել է գիշերային ժամի «Օրհնեսցուք»-ը, «Ճրագալուցի» երգեր, ամենայն հավանականությամբ՝ հայկական առաջին «մեղեդիները», «առաւոտերգեր» և նման շատ կցուրդներ։ Նրա երգերի գրական հիմքը դավթյան սաղմոսներն են։ Ծանոթ է եղել արևելյան քրիստոնեական երգարվեստի խոշոր գործիչներից մեկի՝ Ռոմանոս Երգեցողի անունով Հայաստանում տարածված սաղմոսատիպ (վանկային) եղանակներին, որոնք ծաղկեցնելով ստեղծել է զարդոլորուն ոճի բարդ մեղեդիներ։ Երկար տարիներ ճգնել է Այրիվանքի մերձակա քարայրերից մեկում, ուր և վախճանվել Է։ Գերեզմանը համարվել է «հրաշագործ», վրան կառուցվել է մատուռ։ Նրա հեղինակությունները ամփոփվել են ավելի ուշ կազմված Մանրուսումն կամ Խազգիրք կոչվող ժողովածուներում։