Zark Foundation

Գրիգոր Զաքյան

Գրիգոր Զաքյան

Բալետի արտիստ

Ծնվել է 2001թ. հոկտեմբերի 6-ին, Երևանում։ 2006-10թթ սովորել է Երևանի Հ.Գալստյանի անվան թիվ 83 միջնակարգ դպրոցում, 2011-18թթ՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջում, որտեղ ստացել է բալետի դերասանի մասնագիտություն և ավարտելուն պես աշխատանքի է անցել Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Հյուրախաղերով մասնակցել է Մոսկվայի Մեծ Թատրոնում «Գայանե» բալետի ներկայացմանը: 2018թ. սեպտեմբերի 21-ին Երևանի Հանրապետության հրապարակում մասնակցել է ՀՀ անկախության օրվան նվիրված տոնական միջոցառմանը, ներկայացնելով զուգապար Ա.Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետից։ Ամերիկյան Rotary International-ի կողմից հրավեր է ստացել մասնակցելու երիտասարդական մշակութային փոխանակման ծրագրին, որի շրջանակներում 2018թ. տեղափոխվել է ԱՄՆ, ուր համերգներով ելույթներ է ունեցել Սան Դիեգո, Ֆինիքս, Քլիվլենդ, Սարասոտա, Օռլանդո, Շառլոտ, Ատլանտա, Վաշինգտոն և այլ քաղաքներում: Ծրագրի ավարտին Հյուսիսային Կարոլինայի Artistic Motion School of Arts-ը (AMSA) տրամադրել է նրան կրթաթոշակ ու կեցության ապահովություն, հնարավորություն տալով շարունակել մասնագիտական ուսումը ԱՄՆ-ում։ Ուսումը շարունակել է ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի արվեստների դպրոցում: Հեղինակավոր «Բոլշոյ բալետային ակադեմիան», «Ամերիկյան բալետային թատրոնը» և «Վաշինգտոնի բալետային դպրոցը» տրամադրել են նրան կրթաթոշակ՝ մասնակցելու «Ամառային ինտենսիվ» հինգշաբաթյա դասընթացների: Վարպետության դասերի է մասնակցել բալետի հանրահայտ արտիստներ Վալերի Լանտրատովի, Միշա Չաուպակովի, Շոն Սուլիվանի, Ջիվոն Հաի, Ալեխանդրե Դորեի, Ֆրանկո դե Վիտայի, Ռայմոնդ Լուկեսի, Քրիստինե Սպիզոյի մոտ։ 2019թ. Winston-Salem-ում մասնակցել է Ամերիկայի երիտասարդական Գրան Պրի (YAGP) միջազգային մրցույթի կիսաեզրափակչին և անցել եզրափակիչ փուլ: Նույն թվականին մասնակցել է Մեխիկոյի դասական բալետի միջազգային մրցույթին և ստացել 1-ին մրցանակ։ Իսկ ավելի ուշ մասնակցել է ԱՄՆ-ի Գրինսբորո քաղաքում կայացած Կարոլինայի պարի միջազգային մրցույթի եզրափակչին և արժանանացել Գրան Պրիի։ Առաջատար դերերով հանդես է եկել Պ.Չայկովսկու «Շչելկունչիկ», «Քնած գեղեցկուհին», Լ.Մինկուսի «Լա Բայադեր», Հումպերդինքի «Հենզելն ու Գրետելը», ինչպես նաև ներկայացրել հատվածներ Ա.Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ», «Դիմակահանդես», Ժ.Բիզեի «Կարմեն», Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» և Ժ.Ադանի «Ժիզել» բալետներից։ Պարբերաբար ելույթներ է ունեցել ԱՄՆ տարբեր նահանգներում՝ հանդես գալով որպես մասնակից Հայաստանից։ ԱՄՆ-ում մասնակցել է մի շարք միջազգային փառատոների: Բալետային կյանքին զուգահեռ 12 տարեկանից սովորել է համակարգչային ծրագրավորում, աշխատում է նաև այդ ոլորտում։