Ծնվել է Կոստանդնուպոլսի Պեշիկթաշ թաղամասում: Հայրը՝ Խաչիկ էֆենդին, եղել է սարաֆ, բնիկ ակնեցի, մայրը՝ Էֆթիկ հանըմը, Մալաթիայից էր։ Նախնական կրթությունն ստացել է Պեշիկթաշի Մաքրուհյան վարժարանում։ 1870թ. մահացել է Խաչիկ էֆենդին: Մայրը ամուսնացել է նշանավոր փաստաբան Ավետիս Յորտումյանի հետ և երկու որդիների՝ Միհրանի ու Գրիգորի հետ տեղափոխվել է Օրթագյուղ։ Եղբայրները ուսումը շարունակել են տեղի նշանավոր Թարգմանչաց վարժարանում։ Այստեղ սովորելու տարիներին են վերաբերում գրողի առաջին գրական նախափորձերը՝ ոտանավորներ, հաջող շարադրություններ։ 1876թ. ընդունվել է այդ ժամանակ Թուրքիայի միակ բարձրագույն հաստատությունը՝ Կալաթասարայի վարժարանը, որը բացվել էր 1868թ. ֆրանսիական կառավարության հովանովորությամբ և Կ.Պոլսի ֆրանսիական դեսպանի անմիջական հսկողությամբ։ Ուսանել է երկրաչափական գործը։ 1879թ. բաժինն ավարտել է փայլուն գիտելիքներով։ 1880թ. աշխատանքի է անցել խորթ հոր իրավաբանական գրասենյակում, իբրև գրագիր և միաժամանակ սկսել է հաճախել Կալաթասարայի իրավագիտության բաժին։ Սակայն շուտով վարժարանը, որն ուներ 45 հայ, 2 իսլամ, 2 հրեա և 3 հույն ուսանող, փակվել է իսլամ աշակերտներ չունենալու պատճառով։ 1881թ. բացվել է «Հուգուգի» վարժարանը։ Մեկ տարի անց գրողը տեղափոխվել է «Հուգուգ», որտեղ երկու տարի սովորելուց հետո հեռացել է՝ վկայական չստանալով։ 1884թ. Էդիրնե քաղաքում քննություն է հանձնել և ստացել փաստաբան-իրավաբանի վկայական: Գրական ասպարեզ է մտել, երբ 1878թ. հանդիպել է Նիկողայոս Թյուլպենճյանին և դարձել նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ 1880-ական թվականների սկզբներին մուտք գործելով հրապարարակախոսական ասպարեզ՝ դարձել է ժամանակի գրական շարժման մասնակիցներից և արդյունավետ գործիչներից մեկը։ 1883թ. հրատարակել է Ասիական ընկերության «Երկրագունդ» հանդեսը, Հակոբ Պարոնյանի խմբագրությամբ։ 1885թ. հանդեսում սկսել է տպագրել իր անդրանիկ վեպը՝ «Անհետացած սերունդ մը» վերնագրով։ 1887թ. վեպը տպագրել է առանձին գրքով: Այդ շրջանում աշխատակցել է արևմտահայ մի շարք պարբերականների: Իրավագիտություն է դասավանդել Կոստանդնուպոլսի համալսարանում: Ֆրանսիական բանակի սպա Դրեյֆուսի դատը պաշտպանելու համար պարգևատրվել է Դրեյֆուսի մանրանկարով` ոսկե նշանով: Գրել է բանաստեղծություններ, նորավեպեր, ակնարկներ, վեպեր և այլն, սակայն առավել ճանաչվել է նորավեպերով: 1909թ. և 1911թ․ լույս է ընծայել տարբեր տարիների գրած նորավեպերի երեք ժողովածու՝ «Կյանքն ինչպես որ է», «Լուռ ցավեր», «Խղճմտանքի ձայներ» խորագրերով։ Վերնագրերից էլ երևում էր, որ նորավեպերում գրողի գեղագիտական ծրագիրն է եղել՝ ռեալիսորեն արտացոլել կյանքի երևույթները, ներքին կապերը, մասնավորապես՝ թափանցել մարդկային հոգու թաքուն խորշերը։ Գրվածքները բաժանվում են մի քանի խմբի. նա ունի սոցիալական պատկերներ, սիրային, խոհական-փիլիսոփայական, քնարական և երգիծական նորավեպեր։ Մի շարք նորավեպերում գրողը նրբորեն բացահայտել է մարդկային ողբերգության սոցիալական ակունքները։ Գրողի ստեղծագործական ժառանգության կարևոր էջերից են «Անհետացած սերունդ մը» (1883թ.) վեպը, «Չինական նամականի» (1884թ.), «Ուղևորություն մը հիշատակներուս մեջ» (1898-1903թթ) հրապարակախոսական ակնարկները, «Անբարոյական գրականություն» (1892թ.), «Նոր լրագրություն» (1892թ.) քննադատական հոդվածները, «Ծանոթ դեմքեր» (1891-1909թթ) գրական դիմանկարների շարքը: «Մարսել Լեար» ծածկանունով 1913թ. Փարիզում հրատարակել է «Հայկական հարցը վավերագրերի լույսի ներքո» ֆրանսերեն գրքույկը և մեծ հեղինակություն ձեռք բերել նաև որպես քաղաքական գործիչ: 1891թ. ընտրվել է Ազգային ժողովի երեսփոխան, սակայն Ժողովի նիստում նրա ընտրությունը չի վավերացվել 30 տարեկանը լրացած չլինելու պատճառով։ 1892-93թթ Հակոբ Ասատուրի հետ հրատարակել է «Մասիս» գրական հանդեսը: «Արևելք» օրաթերթում, ապա «Մասիս»-ում տպագրվել են նրա առաջին նորավեպերը։ Իր գրական ստեղծագործության հիմնական մասը ստեղծել է 1887-93թթ։ Այս շրջանում գրել է երկրորդ անավարտ վեպը՝ «Նարդիկ», նորավեպերի մեծ մասը, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածներ՝ ճանաչվելով իբրև գրող և հրապարակախոս։ 1894-95թթ զարհուրելի էին արևմտահայերի համար։ Սկիզբ են առել ու մինչև 1896թ. շարունակվել զանգվածային կոտորածները։ Հայ առաջադեմ մտավորականների մեծ մասը ստիպված էր հեռանալ Կ.Պոլսից և հաստատվել Եվրոպայում, Եգիպտոսում։ Հուսահատության ու ազգային կորովի անկման այս շրջանում գրողը նույնպես հեռացել էր գրական ասպարեզից և ավելի շատ զբաղված է եղել փաստաբանական գործերով, կարևոր դատավարություններով։ Կ.Պոլսում որպես իրավաբան-փաստաբան հայտնի է եղել հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանել է նրանց գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Եղել է Կ.Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչ ու իրավագետ-խորհրդականը։ 1898թ. օրաթերթի վերածված «Մասիսը» լույս է տեսել դարձյալ նրա խմբագրությամբ, որից հետո կրկին վարել է բուռն ստեղծագործական կյանք, միաժամանակ զբաղվելով փաստաբանությամբ։ Սակայն 1906թ. Արդարադատության նախարարի կարգադրությամբ նրան արգելվել է թուրքական դատարաններում դատեր պաշտպանել։ Պատճառը մի բուլղար հեղափոխականի դատական պաշտպանությունն էր։ 1908թ. Թուրքիայում վերահաստատվել է Սահմանադրությունը և երկրի բոլոր անկյուններում անցկացվել են միտինգներ, ցույցեր՝ հավասարության, եղբայրության, համագործակցության կարգախոսներով։ Գրողը այդ ժամանակ Փարիզում էր, որտեղ հաջողել էր հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը, մասնագիտությամբ աշխատանք գտնելու երաշխիքներ ունենալու նպատակով և հետագայի համար նախատեսել էր ընտանիքով բնակության հաստատվել Եգիպտոսում։ Տեղեկանալով Թուրքիայում Սահմանադրական կարգեր հաստատվելու մասին՝ հույսերով և լավատեսությամբ Փարիզից տեղափոխվել է Կ.Պոլիս և նույն թվականին ընտրվել է թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Ակտիվ մասնակցություն է ունեցել խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրել Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասել է. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։ Եղել է հարգված և երևելի անձնավորություն երկրի թե՛ ազգային, թե՛ համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։ 1914թ. բարձրացրել է Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը և այս կապակցությամբ դիմել եվրոպական տերություների միջամտությանը։ 1915թ. հունվարին Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որն արևմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքն էր։ Այդ գործում Զոհրապի մասնակցությունը վճռական էր։ Սակայն քիչ անց սկսվել է Առաջին համաշխարհային պատերազմը, որի պատճառով համաձայնագրիրը մնացել է միայն թղթի վրա։ Թուրքիայի համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ Հայոց ցեղասպանությունն (1915թ.) իրականացնելու համար։ 1915թ. ապրիլի 24-ին, մեկ գիշերվա ընթացքում, ձերբակալվել և աքսորվել են Կ.Պոլսի հայ մտավորականությունը, մայիսի 20-ին ձերբակալել են նաև Զոհրապին և հուլիսին Եդեսիայում սպանել՝ Ուրֆայից Դիարբեքիր տանող աքսորի ճանապարհին: