Ծնվել է Երևանում: 1945թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1951թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հավասարապես ստեղծագործել է գեղանկարչության և գրաֆիկայի բնագավառներում, ստեղծել թեմատիկ պատկերներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ: Թեմատիկ կտավները հիմնականում նվիրված են հողի աշխատավորին, գյուղի կյանքին ու կենցաղին` «Սևանի ձկնորսները» (1956թ.), «Մթնշաղ» (1962թ.), «Արևածաղիկներ» (1970թ.), «Հացը լեռներում» (1972թ.) և այլն: Նրա գրաֆիկական շարքերին բնորոշ են լույսի ու ստվերի հակադրությունը, գունային շեշտերի և ուրվագծի արտահայտչականությունը, որոնցից են` «Իտալական տպավորություններ» (1965-66թթ), «Իսպանիա» (1970թ.), «Հիշողություններ Մեքսիկայից» (1976թ.) և այլն: Նկարչի բնանկարները երբեմն մոնումենտալ են, երբեմն` համակված քնարական տրամադրությամբ` «Արա լեռը» (1961թ.), «Գառնի» (1962թ.), «Ձկնորսական նավակը» (1965թ.) և այլն: «Իմ ժողովրդի պատմության տարեթվերից» (1967թ.), «Հայաստան» (1971թ.), «Եվ այս ամենը մեր օրերում» (1972-73թթ) նկարաշարերում նկարիչը ժողովրդի պատմության իրադարձությունների հակադրություններից հասել է ժամանակակից ընդհանրացումների: Նրա արվեստում ինքնատիպ են գրքի ձևավորումն ու նկարազարդումը: Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն», Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն», Գևորգ Էմինի «Բալլադ ձկնորսի մասին» և «Սասունցիների պարը» պոեմների, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի նկարազարդումները հագեցած են դրամատիկ տրամադրություններով, արտահայտիչ ու պլաստիկ գծանկարներով: Հայ ժողովրդի պատմության թեման արտացոլվել է «Հայոց այբուբեն» և «Վարդանանք» (երկուսն էլ` 1980-81թթ) գոբելենների համար նրա ստեղծած նախապատկերներում: Նկարչի էսքիզով է ստեղծվել նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճի «Վերածնունդ» (1987թ.) վարագույր-գոբելենը: «Վարդանանք» գոբելենում, որի կենտրոնում Վարդան Մամիկոնյանն է, նկարիչը պատկերել է նաև հայ ժողովրդի մեծագույն ներկայացուցիչներին` Անդրանիկին, Կոմիտասին, Դանիել Վարուժանին, Եղիշե Չարենցին, Պարույր Սևակին և ուրիշների` ընդգծելով հայոց պատմության շարունակականության ու միասնականության գաղափարը: Նկարչի արվեստում առանձնանում են նաև նատյուրմորտները` «Նատյուրմորտ. անթառամներ» (1962թ.), «Նատյուրմորտ դաղդղանով» (1967թ.), «Հայկական նատյուրմորտ» (1967թ.) և այլն: Մասնակցել է Մոսկվայի համամիութենական (1957թ., ոսկե մեդալ), Բրյուսելի միջազգային (1958թ., բրոնզե մեդալ) և այլ ցուցահանդեսների: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: 1962թ. ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի թղթակից անդամ: 1963թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման և ընտրվել ԽՍՀՄ նկարիչների միության ղեկավարման անդամ: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման, իսկ 1969թ. Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդման համար պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական մրցանակով: 1975թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր և նախագահության անդամ: 1973թ-ից եղել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական, 1991թ-ից` ՌԴ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, 1990թ-ից՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1983թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչման: Արժանացել է նաև ԽՍՀՄ և ՀՀ պետական մրցանակների, շքանշանների ու այլ պարգևների: Մահացել է Երևանում: