Եղել է 12-րդ դարի կիլիկյան մանրանկարչության նշանավոր դպրոցներից մեկի՝ Սկևռայի ներկայացուցիչ։ Զեռագրեր է նկարազարդել նաև Մլիճի և Հռոմկլայի դպրոցներում։ Նրա արվեստագետ ավագ ընկերներից ճանաչված են Կոստանդինն ու Վարդանը։ Երեքով 1173թ. նկարազարդել են «Տիգրանակերտի Ավետարանը» (ձեռագրի տեղն անհայտ)։ Նրա անվան հետ են կապված հինգ ձեռագրեր, որոնք նկարազարդվել են 1173-1215թթ։ Մահացել է ծերության հասակում՝ անավարտ թողնելով վերջին Ավետարանի (1215թ., Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանք) նկարազարդումը։ Իր ժամանակին ճանաչված է եղել որպես «մեծահռչակ», «գովյալ» նկարիչ։ Նրա ստեղծագործություններից պատմական ու գեղարվեստական մեծ արժեք է ներկայացնում Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» ձեռագրի գեղարվեստական ձևավորումը։ Այն պատվիրել է Ներսես Լամբրոնացին 1173թ. (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան)։ Մագաղաթյա այս մատյանում մեծ նրբությամբ ու ճաշակով են կատարված խորանազարդերը, անվանաթերթ կիսախորաններն ու գլխազարդերը։ Ուշագրավ են գլխատառերը, որոնք խաչքարերի զարդաքանդակային մոտիվներ են։ Վարպետորեն են արված հյուսվածքավոր լուսանցազարդերը։ Ձեռագիրն առանձնապես արժեքավոր է Գրիգոր Նարեկացու դիմանկարների շարքով։ Նկարիչը չորս պատկերներով ցանկացել է ստեղծել Նարեկացու մի քանի բնորոշ կողմերը՝ փիլիսոփա, հսկող (աղոթող), ճգնավոր՝ միաժամանակ դրանց մեջ ընդգծելով նրա բանաստեղծական կերպարը։ Նրա գեղագրած (բոլորգիր երկաթագիր) և նկարազարդած «Սկևռայի Ավետարանը» (1197թ., «Լվովի Ավետարան», մինչև 1830թ.՝ Լվովում) գերմանացի բյուզանդագետ Գ.Պրինցիգը 1993թ. հայտնաբերել է լեհական Գնիեզնո քաղաքի արքեպիսկոպոսարանում (գունապատճենը Հայաստանի ազգային գրադարանում)։ 1997թ. այն ցուցադրվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում։