Ծնվել է Շուշիում։ Տեղի թեմական դպրոցն ավարտելուց հետո զբաղվել է ուսուցչությամբ։ 1915թ. ընդունվել է Մոսկվայի առևտրի ինստիտուտ, սակայն ուսումը կիսատ է թողել նյութական սուղ պայմանների պատճառով։ 1917-19թթ ապրել է Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)։ 1919թ. տեղափոխվել է Աբխազիա։ 1919-20թթ որպես ուսուցիչ աշխատել է Սուխումին մերձ Բուրճ գյուղի դպրոցում։ Ապա, մինչև 1928թ., աշխատել է Սուխումի տարբեր հիմնարկություններում։ 1926թ-ից կրել է Շերբինին գրական անունը, որն իր ռուս կնոջ ազգանունն է։ 1928թ. վերադարձել է հայրենի Արցախ և աշխատել մինչև կյանքի վերջը: Եղել է Արցախի գրողների վարչության հիմնադիրն ու առաջին նախագահը։ 1929թ. եղել է Ստեփանակերտում լույս տեսնող «Կայծ» գրական, գեղարվեստական, քննադատական և գյուղատնտեսական ամսագրի խմբագիրը։ 1928-37թթ հայոց լեզու և գրականություն է դասավանդել Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումում: 1934թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Ռուսերենից հայերեն է թարգմանել «Ինտերնացիոնալը»։ Փորձել է մրցել Եղիշե Չարենցի հետ և նրա նմանությամբ գրել բազմաթիվ գործեր։ Հայ պրոլետարական պոեզիայի զարգացման նոր փուլի արժեքավոր էջերից է նրա հեղինակած «Նոր տարին», «Փոթորիկը», «Ես հավատում եմ», «Արշալույսին» և այլ բանաստեղծություններ։ Ստեփանակերտի հայկական դրամատիկական թատրոնը 1930թ. բեմադրել է նրա «Ջախջախված ժանիքներ» պիեսը: Դարձել է ստալինյան բռնաճնշումների զոհ, ում մեղադրել են ազգայնամոլության մեջ և աքսորել, իսկ նրա ստեղծագործությունների մեծ մասը վառել և ոչնչացրել են: