Zark Foundation

Գրիգոր Շարբաբչյան

Գրիգոր Շարբաբչյան

Գեղանկարիչ, բեմանկարիչ

4 ապրիլ, 1884 - 6 հունվար, 1942

Գիգո Շարբաբչյան
Ծնվել է Թիֆլիսում: 1904-10թթ սովորել է Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում: 1913թ. Թիֆլիսի հայկական թատրոնում ձևավորել է Լ.Շանթի «Հին աստվածներ» պիեսի բեմադրությունը: 1916թ. մասնակցել է Հայ արվեստագետների միության, 1921թ.` Հայարտան ստեղծմանը, դրանց ցուցահանդեսներին, դասավանդել Հայարտան նկարչական ստուդիայում: 1921թ-ից եղել է Թբիլիսիի հայկական դրամատիկական թատրոնի գլխավոր նկարիչը: Ձևավորել է Եղիշե Չարենցի«Կապկազ թամաշա» (1926թ.), Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես» (1927թ.), Մ.Գորկու «Հատակում» (1932թ.), Վ.Շեքսպիրի «Օթելլո», «Համլետ» (երկուսն էլ` 1933թ.), Գ.Սունդուկյանի «Պեպո» (1926թ.), «Քանդած օջախ» (1929թ.), «Խաթաբալա» (1937թ.), 1922թ. Երևանի Առաջին պետթատրոնի (Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) առաջին` «Պեպո» և այլ բեմադրություններ, 1932թ.` Վրաստանի օպերայի և բալետի թատրոնում` Ա.Սպենդիարյանի «Ալմաստ» օպերան և այլն: 1920-ական թվականներին իր հաստոցային կտավներում («Դեյնոբա», «Շեյթան բազար» և այլն) ներկայացրել է Թիֆլիսի կենցաղը, սովորույթները, ժողովրդական տոները: Ուշագրավ բնապատկերներից են` «Լյուքսեմբուրգի պուրակը», «Ծովախորշը Բրետանում», «Սևանի կղզին», «Տաթևի մատուռը», «Հին Ագուլիս», «Ռիցա լիճը» և այլն: Ստեղծագործել է նաև գրաֆիկայի բնագավառում: Գրել է «Խալխի նոքար Սայաթ-Նովա» պիեսը (բեմադրությունը` 1927թ., Կիրովական) և արվեստաբանական հոդվածներ: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թիֆլիսում (1913թ.), Երևանում (1927թ.): 1936թ. արժանացել է Վրաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Թբիլիսիում: