Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ` ՌԴ Դոնի Ռոստով): 1919թ. մեկնել է Կ.Պոլիս, ապա` Վիեննա: Հաճախել է տեղի գեղարվեստի ակադեմիան: 1923թ-ից հաստատվել է Իտալիայում: Եղել է «Անի» խմբակցության և Հայ ազատ արվեստագետների միության անդամ: Հավատարիմ է մնացել դասական արվեստի (հատկապես` իտալացի նկարիչ Կարավաջոյի) սկզբունքներին, որոնք համադրել է ժամանակի գեղարվեստական խնդիրների հետ: Հեղինակել է թեմատիկ և խորհրդանշական հորինվածքներ, դիմանկարներ ու նատյուրմորտներ: Գործերից են` «Բաքոսը գինետանը» (1936թ.), «Խաբկանք» (1941թ.), «Թափառաշրջիկներ» (1942թ.), «Պատմության մի էջ» (1942թ.), «Ֆիլատելիստը» (1947թ.), «Գրքասերը» (1957թ.), «Գողերի դպրոցը» (1957թ.), «Երկու տարիք» (1957թ.), «Մոդեռնիստների դպրոցը» (1958թ.) և այլն: Նկարչի արվեստին բնորոշ են ձևերի պարզությունը, մեղմասփյուռ լուսաստվերը, ներհուն հայեցողականությունը, հոգեվիճակների նուրբ մեկնաբանումը: Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնում ձևավորել է Կ.Վեբերի, Ս.Պրոկոֆևի, Գ.Դոնիցետտիի, Ֆ.Շուբերտի, Ի.Ստրավինսկու ստեղծագործությունների բեմադրությունները, նկարազարդել Լ.Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը (120 պատկերազարդ ջրաներկ թերթեր) և այլն: 1958թ. այցելել է Հայաստան, Սբ. Էջմիածնի Մայր տաճարի համար ստեղծել «Հայկական Աստվածամայրը» նկարը: Հեղինակել է աշխատություններ, որոնցից արժեքավոր է «Գեղանկարչության տրակտատը» (1976թ.): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հռոմում (1926թ.), Փարիզում (1927թ.), Մոսկվայում (1982թ.) և այլուր: Գործերից պահվում են Հռոմի, Վատիկանի, Վենետիկի, Միլանի, Ֆլորենցիայի, Փարիզի, Բրյուսելի թանգարաններում և ՀԱՊ-ում: Մահացել է Հռոմում: