Zark Foundation

Գրիգոր Չալիկյան

Գրիգոր Չալիկյան

Դերասան, բեմադրիչ

25 օգոստոս, 1920 - 11 հոկտեմբեր, 2004

Ծնվել է Թուրքիայի Իզմիթ քաղաքում: 1932թ. գաղթել է Խորհրդային Հայաստան: 1941թ. ավարտել է Երևանի թատերական ստուդիան, 1953թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1940-46թթ աշխատել է Աշտարակի, 1946-53թթ` Երևանի պատանի հանդիսատեսի, 1953-59թթ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում: Խաղացած ներկայացումներից են` Դ.Գագազյանի «Խաչատուր Աբովյան» (Աբովյան), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Նեզնամով), Վ.Հյուգոյի «Թշվառներ» (Ժան Վալժան) և այլն: 1959թ-ից եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի դրամատիկ հաղորդումների բաժնի վարիչն ու գլխավոր ռեժիսորը: Եղել է հայկական ռադիոթատրոնի հիմնադիրներից: Ռադիոբեմադրություններից են` Հ.Քոչարի «Նահապետը», «Կարոտ», Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (նաև` հեռուստաթատրոնում), Լ.Շանթի «Հին աստվածներ», Կ.Զարյանի «Նավը լեռան վրա», Մ.Գալշոյանի «Կանչը», հեռուստաբեմադրություններից` «Պարտք մեր հանապազօրյա» (ըստ Ա.Արփիարյանի) և այլն: Հեղինակել է «Բաբախումներ» (1954թ.), «Իմ սիրտը» (1958թ.), «Խաղաղ ամպեր» (1964թ.) բանաստեղծությունները և «Սպիտակ կատուն» (1981թ.), «Թվացյալ կյանք» (1991թ.) պիեսների ժողովածուները, «Պարույր Սևակիու մի քիչ էլ իմ մասին» (2004թ.) հուշագիրքը: Տարբեր թատրոններում բեմադրվել են նրա «Երագիկ» (1957թ.), «Սարսեցի փեսան» (1966թ.), «Մենք, նրանք և մյուսները» (1970թ.), «Հայր Տոնապետի մենախոսությունը» (1976թ., Հ.Մելքոնյանի հետ), հեռուստատեսությամբ` «Ծաղկած խնձորենիների ձմեռը» (1980թ.) և այլ պիեսներ: Նկարահանվել է նաև հայկական ֆիլմերում: 1977թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: