Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով): 1919թ. Հայաստանի կառավարությունը նրան նշանակել է Հանրապետության ներկայացուցիչ Դոնում։ 1920թ. հունվարին եկել է Հայաստան, ընտրվել Կարմիր Խաչի կենտրոնական վարչության նախագահ։ 1920թ. նոյեմբերի 10-ին մեկնել է Կ.Պոլիս, այնտեղ մնացել Հայաստանի խորհրդայնացումից հետո։ Նրա ուսումնասիրությունների նշանակալի մասը վերաբերում է հայկական հարցին և հայերի ցեղասպանությանը։ «Հայկական պոեզիան ի դեմս Ռափայել Պատկանյանի» (1886թ., ռուսերեն) գործում ներկայացրել է Արևմտյան Հայաստանի ծանր վիճակը, եվրոպական տերությունների խաղերը հայկական հարցում։ «Հայկական խնդիրը և հայկական կոտորածները Ռուսաստանում» («Պանիսլամիզմ», 1905թ., ռուսերեն) աշխատության մեջ հիշեցնում է ռուսական կայսրերի հայերին շնորհած արտոնությունները, հայերի դերը ռուս-թուրքական պատերազմներում, ապա անդրադառնում ցարական իշխանությունների այն քաղաքականությանը, որն ուղղված էր հայերի դեմ. հայկական դպրոցների փակմանը 10-րդ դարի 1880-90-ական թվականներին, եկեղեցական գույքի բռնագրավման մասին օրենքին (1903թ.) և այլն։ Քննել է 1905թ. հայ-թաթարական բախումները Այսրկովկասում, մերկացրել ռուսական կառավարության դիրքորոշումը, պանիսլամիզմի էությունը։ «Կարմիր գիրք» (1919թ., ռուսերեն) երկում լուսաբանել է 1894-96թթ հայկական կոտորածները Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում, երիտթուրքերի իշխանության գալը, Ադանայի կոտորածը (1909թ.), առաջին աշխարհամարտի նախօրեին կայացած բանակցությունները, հայերի մասնակցությունը պատերազմին, հայկական կամավորական ջոկատների գործողությունները, հայերի ցեղասպանությունը։ Փաստաթղթերի և վկաների հարցման հիման վրա հեղինակը մերկացրել է թուրքերի բարբարոսությունը, քննադատել գերմանական ղեկավար շրջանների և զինվորական հրամանատարության թողտվության քաղաքականությունը։ 1923թ. հրատարակել է «Ինչ էր և ի՞նչ պիտի լինի մեր ուղին» ուսումնասիրությունը, որտեղ վերլուծել է Հայաստանի Հանրապետության անկման տնտեսական և քաղաքական պատճառները։ 1938թ. նրա երեք որդիները (Լևոն, Սերովբե, Ռուբեն) դարձել են ստալինյան բռնաճնշումների զոհ, անհիմն բռնադատվել են որպես խորհրդային կարգերի դեմ արտահայտվողներ և գնդակահարվել: Դոնի Ռոստովում մեկ տարի անց նա մահացել է ինֆարկտից: