
Հրապարակախոս, լրագրող, թարգմանիչ
19 հուլիս, 1839 - 2 փետրվար, 1923
Ծնվել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա), դարբնի ընտանիքում։ Սովորել է Մեսրոպյան վարժարանում, ինքնակրթությամբ տիրապետել թուրքերենին, հունարենին, ֆրանսերենին, իտալերենին։ Թուրքերեն է դասավանդել Մեսրոպյան վարժարանում։ 1861թ. Զմյուռնիայում հիմնել է առևտրական և դատական գործերի գրագրության մասնավոր գրասենյակ, ապա աշխատել է որպես իրավագետ-փաստաբան, միաժամանակ հանդես եկել Զմյուռնիայի հայ մամուլում։ 1861-67թթ հրատարակել է «Ծաղիկ» հանդեսը, 1861-62թթ խմբագրել է Արմենակ Հայկունու, 1866թ.՝ Մատթեոս Մամուրյանիհետ։ Երիտասարդ տարիներին թարգմանություններ է կատարել հունարենից ու ֆրանսերենից։ 1867-78թթ թարգմանել և լույս է ընծայել Վ.Հյուգոյի «Թշվառներ», Ա.Լամարթինի «Ռաֆայել», Ա.Պրևոյի «Մանոն Լեսկո», Է.դը Միրգոլրիի «Մարիոն Տլորմի խոստովանանքը», Է.Մյուի «Մաթիլդ», Ժ.Սանդի «Օրիորդ Լա Գենթի», Օ.Ֆեոեի «Պարոն դը Գամոր», Ա.Մյուսեի «Դարուս մեծ զավակին խոստովանանքը» և այլ երկեր։ Գործակցել է մշակութային բազմաթիվ (Սյունյաց, Հաշտենից, Վասպուրական թատրոն, Աղքատասիրաց) ընկերությունների, գլխավորել է «Տիգրան» մասոնական մասնաժողովի գործունեությունը։ Առաջադրել է արմատական դեմոկրատական և ազատագրական գաղափարներ։ Նրա հանդեսը Հ.Սըվաճյանի «Մեղու»-ի և Մ.Ոսկանյանի «Արևմուտք»-ի հետ արևմտահայ դեմոկրատիայի օրգանն է եղել։ Ենթարկվել է թուրքական իշխանությունների և հայ հետադիմության հալածանքներին։ Հաղորդակցվել է ուտոպիստ սոցիալիստների գաղափարախոսությանը, ծանոթ է եղել Գերցենի երկերին։ Հանդիպել է Հնդկաստան կատարած ուղևորությունից վերադարձող Միքայել Նալբանդյանին, պրոպագանդել է նրա գործերը։ Ջատագովել է Վ.Հյուգոյի «հեղաշրջական» հայացքները, մեծ համակրանքով արտահայտվել Զ.Գարիբալդիի և նրա գլխավորած ազատագրական շարժման մասին։ Առաջադրել է ազգային-սոցիալական հարցերը «բազուկի» ու «զինական հեղափոխությամբ» լուծելու խնդիր, պաշտպանել է զեյթունցիների պայքարը։ Նրա հրապարակախոսության լավագույն էջերից են «Ծաղիկի առաջնորդողներն ու հոդվածները, «Զմյուռնական նամականի»-ի և «Ուղևորություն ի Կոստանդնուպոլիս» (1883թ.) գեղարվեստական-հրապարակախոսական գիրքը։ Դրանցում քննել է արևմտահայ սահմանադրական շարժման, հայ մանկավարժության, դպրոցի, գրականության, մամուլի, հրապարակախոսության, թատրոնի, դրամատուրգիայի, կնոջ ազատագրության խնդիրները։ Համիդյան հայահալած քաղաքականության պայմաններում ազդարարել է ազգին սպառնացող վտանգի մասին, գտել, որ «կորստյան վիհից» ազգը փրկելու համար խնկաման օգտագործելու փոխարեն վառոդատուփը պետք է դարձնել թանաքաման։ 1920թ. լույս է տեսել նրա տարբեր տարիներին գրած «Վիպակներ և ցան ու ցիր գրվածներ» ժողովածուն։ Իր ստեղծագործություններով ու գործունեությամբ նպաստել է ազգային թատրոնի ձևավորմանն ու զարգացմանը հայ գրականության ռեալիստական ուղղության արմատավորմանը, հղկել է աշխարհաբարը, մեծ դեր խաղացել նրա հաղթանակի գործում։ Հանդես է եկել նաև Պերճ, Վարաժ և այլ ծածկանուններով։ Մահացել է Զմյուռնիայում (այժմ՝ Իզմիր, Թուրքիա):