Ծնվել է Նոր Նախիջևանի (այժմ՝ Դոնի Ռոստով) շրջանի հայաբնակ Թոփտի գյուղում: Միջնակարգ կրթությունն ստացել է հայրենի Նախիջևանում, ապա ընդունվել Յարոսլավլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Դրսեկությամբ միաժամանակ ավարտել է նաև Մոսկվայի համալսարանի պատմագրական ֆակուլտետը: 1913թ. վերադարձել է Դոնի Ռոստով և զբաղվել փաստաբանությամբ ու լրագրական գործունեությամբ: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո մշտական բնակություն է հաստատել Երևանում: 1920-24թթ վարելով ՀԽՍՀ արդարադատության ժողովրդական կոմիսարի առաջին տեղակալի պաշտոնը` ղեկավարել է հանրապետության կարևորագույն օրենսդրական ակտերի, առանձնապես նրա առաջին՝ 1922թ. Սահմանադրության, քրեական դատավարության և հողային օրենսգրքերի, դատարանակազմության, այլ օրենսդրականիրավական ակտերի և դեկրետների մշակման, կոդավորման և հրատարակման գործը` անձամբ մշակելով մի շարք օրենքների նախագծեր: 1920թ. հրավիրվել է Երևանի պետական համալսարան և դասախոսել մինչև 1937թ.: Ենթարկվել է ստալինյան բռնաճնշումներին ու հալածանքների, աքսորվել, այնուհետև արդարացվել է և շարունակել աշխատանքը ԵՊՀ-ում: 1957-62թթ վարել է պետական իրավունք, սովետական իրավունք, խորհրդային սահմանադրություն, քրեական դատավարություն, քրեական իրավունք, հռետորական արվեստ դասընթացները: Մեծ ավանդ ունի հայ իրավաբանական գիտական տերմինաբանության ստեղծման գործում: Քաջածանոթ է եղել փիլիսոփայական և հասարակական-քաղաքական մտքի, ինչպես նաև հայ ժողովրդի պատմությանը, գրականության և արվեստի պատմությանը: Նրա գրչին են պատկանում մի շարք աշխատություններ և ծավալուն գիտական հոդվածներ, որոնք 1910-30թթ հրատարակվել են հայ պարբերական մամուլում: 1961թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: