
Ճարտարապետ
8 փետրվար, 1767 - 15 նոյեմբեր, 1831
Գրիգոր ամիրա Պալյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Եղել է ճարտարապետ Պալի Քալֆայի որդին։ Առաջինն է, որ կրել է «Բալյան» ազգանունը։ 1788թ-ից նշանակվել է պալատական ճարտարապետ: Որոշ իրավիճակներում եղել է նաև սուլթան Սելիմ 3-րդի խորհրդականը։ Կառուցել է Սարայբուրնուի հին (այրվել է 1875թ.), Պեշիքթաշի թագավորական, նախկին Բեյլերբեյի (այրվել է), Ոսկեղջյուրում Գեֆթերդարբուրնուի առափնյա, Արնավուդքյոյի, Աքընթըբուրնուի սուլթանական պալատները, Քասրը Զեդիդ (Նոր դղյակ), Այնալըքավաքի կամ Թերսանեի դղյակը (1876թ.), Չաղլայանի թագավորական դղյակը, Սելիմիեի, Դավուդ փաշայի (1826-27թթ), Թաքսիմի թնդանոթաձիգների, Մալթեփեի (1826թ.), Ռամիի (1828թ.) զորանոցները, Նուսրեթիեի մզկիթը (Թոփհանեի մզկիթ, 1823-26թթ), Գումգափուի Մայր (Սբ. Աստվածածին) եկեղեցին (1828թ.), եկեղեցի Կեսարիայում, Պետական նախկին դրամահատարանը (1838թ., Թոփգափուի պալատի բակում), Բախչեքյոյի Վալիդե ամբարտակը (1796թ.) և այլն։ Մահացել է Կոստանդնուպոլսում:
Եթե մզկիթներում առկա են արաբական, իսկ հայկական եկեղեցիներում` միջնադարյան դասական ճարտարապետական հուշարձանների ազդեցությունները, ապա աշխարհիկ շենքերում նկատելի են Վերածննդի, բարոկկոյի, ապա և մոդեռն ոճի գեղարվեստական ընկալումները։ Բալյանները (Գրիգոր Բալյան, Կարապետ Պալյան, Նիկողոս Պալյան, Սարգիս Պալյան, Հակոբ Պալյան, Սիմոն Պալյան, Լևոն Պալյան) եվրոպականացրել են թուրքական ճարտարապետությունը և ուղի հարթել նրա հետագա զարգացման համար։ Նրանց կառույցները բագմաշենք են, արևելյան շքեղությամբ բնութագրված։ Պալատական համալիրներում և մյուս կառույցներում օգտագործել են անատոլիական բազմատեսակ ու բազմագույն քարեր, շենքերի արտաքին մշակումներում զգալի տեղ հատկացրել դեկորատիվ զարդանախշերի շքեղությանը, դահլիճների ներքին հարդարանքում օգտագործել հախճապակի, ոսկի, գունավոր մարմարներ, ստալակտիտե մշակումներ, դռների նկարազարդումներ և այլն: