Աշխատել է Սսում և Դռներում, աշակերտել Հովհաննես Արքաեղբորը։ Նրա պատկերազարդած՝ 1284թ. Մասունք Նոր կտակարանի, 1297թ. Ավետարան և 1312թ. Մանրուսմունք ձեռագրերում (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան) կան բուսական, թռչնային և կենդանական մոտիվներով կազմված անվանաթերթեր, գլխազարդեր և լուսանցազարդեր։ Նրա պատկերներին բնորոշ են գծային ճկունությունը, բնական նախատիպից հեռացումը։ Սպեկտրի գույներով նկարված բուսական և կենդանական զարդամոտիվները ներկայացված են ոսկու ֆոնին կամ ուրվագծված ոսկով՝ ոսկու փայլի հետ ստեղծելով օպտիկական փակ միջավայր («աստծո լույսի» սիմվոլիկա)։ Մի քանի մոտիվներով (արմավիկներ, ականթատերևներ, ծաղկաձևեր և այլն) կազմված են բազմազան և համաչափ հյուսվածքներ, ոլորազարդեր, խաչաձևեր, կենաց ծառեր։ Նշված հատկանիշները հետագայում զարգացել են նկարչի որդու՝ Սարգիս Պիծակի արվեստում։