Zark Foundation

Գրիգոր Ջանիկյան

Գրիգոր Ջանիկյան

Արձակագիր, թարգմանիչ

Ծնվել է 1944թ. դեկտեմբերի 2-ին, Բուլղարիայի Խասկովո քաղաքում: 1965թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական ռուսական և օտար լեզուների ինստիտուտը, 1989թ.` Մոսկվայի Մ.Գորկու անվան գրական բարձրագույն դասընթացները, ապա` Ֆրանսիայի մշակույթի և քաղաքագիտության նախարարության ֆրանսերեն լեզվի կատարելագործման ընթերցաշրջանը Փարիզում: 1966-73թթ աշխատել է «Գարուն» ամսագրում, 1973-83թթ` «Գրական թերթում», 1983-90թթ` «Վերածնված Հայաստան» հանդեսում, 1992-96թթ` «Հուշարար» և «Հայություն» պարբերաթերթերում, 1996-2003թթ` «Հայ զինվոր» շաբաթաթերթում: 1973թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: Նոր կյանք մտնող սերնդի որոնումներն են արտացոլված «Իսկապես, ինչպիսի՞ն է աշխարհը» (1964թ.), «Մահին հաղթողները» (1968թ.) ժողովածուներում: Ուշագրավ է նրա «Ուղևորություն դեպի մանկություն» պատմվածաշարը («Հորիզոնի կանչող գույները», 1975թ.): Նրա ստեղծագործություններում առանձնահատուկ տեղ է գրավում վավերագրական արձակը` «Հավատարիմ երազանքին» (1980թ.), «Հավերժական ճանապարհ» (1983թ.): Պատանիների համար գրել է «Այսպես են ծնվում լեգենդները» (1979թ.), «Ալեհեր լեռն ու իր թոռները» (1987թ.), Արցախի հերոսամարտը պատկերող «Մահապարտները» (2002թ.), «Ջոկատը, որ կոչվում էր «Մեծն Մուրադ» (2005թ.), «Նամակներ լուսահոգի մորս` Արևմտահայաստանից» (2006թ.) վեպերը: Հրատարակվել են նաև նրա «Եռաբլուր» (2008թ.), «Հաղթազենները» (2009թ.), «Հայերի դատը Փարիզում» (2010թ.), «Դարի դեմքը» (2010թ.), «Ապրիլ 11 (24)» (2013թ.) գրքերը: Ֆրանսերենից հայերեն է թարգմանել Ալբեր Քամյուի «Սիզիփոսի առասպելը» (1996թ.), «Առաջին մարդը» (1997թ.), Ժան Ժորեսի «Պետք է փրկել հայերին» (2009թ.), Ջակոմո Ջ. Կազանովայի «Իմ կյանքի պատմությունը» (2012թ.), Աիդա Ազնավուր-Կարվարենցի «Ափարիկս» (2012թ.) և այլոց ստեղծագործությունները: Նրա ակնարկները, պատմվածքները, հրապարակախոսական հոդվածները պարբերաբար տպագրվել են հայաստանյան և արտերկրի հայալեզու մամուլում, թարգմանվել են ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, լիտվերեն, բուլղարերեն և այլ լեզուներով: Անդամակցում է նաև Հայաստանի ժուռնալիստների միությանը: 1993թ. արժանացել է ՀԳՄ Եղիշե Չարենցիանվան մրցանակի: 2002թ. նրա «Մահապարտներ» գիրքն արժանացել է ՀԳՄ ամենամյա «Տարվա լավագույն հրապարակախոսական գիրք» մրցանակի: 2003թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի, 2008թ. «Եռաբլուր» վեպի համար՝ «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության գրական առաջին մրցանակի, 2011թ.՝ ՀԳՄ պատվոգրի, իսկ «Հաղթանակի դարձերեսը», «Սնդավում», «Հայացք ապագայից ներկային» հրապարակախոսական հոդվածների համար՝ Հայերի համաշխարհային կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և ՀԺՄ լավագույն լրագրողական մրցանակաբաշխության մրցանակի։