Zark Foundation

Գրիգոր Սկևռացի

Գրիգոր Սկևռացի

Բանաստեղծ, մատենագիր

24 փետրվար, 1170 - 21 մայիս, 1255

Գրիգոր Լամբրոնացի
Ծնվել է Կիլիկիայի Լամբրոն ամրոցում: Լամբրոնացի է կոչվել ծննդավայրի, Սկևռացի՝ Սկևռա վանքում ուսուցիչ և վանահայր լինելու պատճառով։ Սովորել է Կիլիկիայի վանական դպրոցներում։ Եղել է Ներսես Լամբրոնացու աշակերտն ու մտերիմը, Լևոն Բ թագավորի թարգմանիչը, խորհրդատուն ու խոստովանահայրը։ Վերջինիս առաջարկությամբ հունարենից հայերենի է թարգմանել Նիկիայի արքեպիսկոպոս Հովհաննեսի Թուղթը (1203թ.)՝ ուղղված Զաքարիա Ա Ձագեցի կաթողիկոսին։ Գրել է ներբողներ, շարականներ, ճառեր։ Ներբողներից են «Բան գովեստի պատմագրաբար յաղագս ծննդեան, քաղաքավարութեան և վերափոխման ամենասուրբ կուսին, ասացեալ ի Գրիգորէ Մենաւորէ», «Ներբողեան ի սուրբն Լամբրոնացի»։ Վերջինը և՛ կենսագրական ներբող է, և՛ պատմական դրվագ, որտեղ ներկայացված են Ներսես Լամբրոնացու կյանքը, գրական գործունեությունը, ժամանակաշրջանը և պատմական իրադարձությունները։ Ճառերից լավագույններն են՝ «Պատմութիւն վարուց սրբոյն Գրիգորի Լուսաւորչի», «Քրիստոսի յարութեան»-ը և Եսայի Մարգարեի «Տէր ո՛ հաւատաց» խոսքի էությանն ու մեկնաբանությանը նվիրված ճառեր, «Վարք Գրիգորի Նարեկացւոյ»։ Արժեքավոր է Հովհաննես Մկրտչի ծննդյան կանոնում եղած «Արեգականն արդարութեան» սկզբնատողով, հայերենի այբբենական կարգով գրված շարականը, որտեղ տրված են Հովհաննես Մկրտչի ծնունդը, կյանքը, գործունեությունն ու նահատակությունը։ Նրան է վերագրվում Ավագրի «Լուսաւոր պատերազմ» երկի մեկնաբանությունը։ Ներսես Լամբրոնացու հանձնարարությամբ կատարել է Սաղմոսի մեկնության հայերեն թարգմանությունը։ Նպաստել է հայկական երաժշտաբանաստեղծական մասնագիտացված արվեստի զարգացմանը։ Մահացել է Կիլիկիայի Լամբրոն ամրոցում: